Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր անում դռները, գրկում էր նրան և, կատաղի համբույրներով երեսը ծածկելով, թևից բռնած դուրս էր տանում ու ասում.

— Տե՛ս աստծու լույսը։

Երբեմն նա Սոնային թույլ էր տալիս բարձրանալ խրճիթի տափակ հողային կտուրի վրա, իսկ ինքը հսկում էր նրան արթուն աչքերով։ Ամեն վայրկյան սպասում էր սարսափելի երևույթի կրկնվելուն։ Սոնայի մի թեթև ճիչը, մի արագ շարժումը ցնցումն էր պատճառում նրան։ Նայում էր հիվանդ աղջիկը այս կողմ այն կողմ, տեսնում էր միայն հարևան գավիթների թթենիները կամ կիսավեր տների պատերը։ Շուտով ձանձրանում էր և խնդրում մորը ցած բերել իրան կտուրից։

Բայց ժամանակը հետզհետե ստիպեց Սոնային ընտելանալ իր վիճակին։ Մոր համառ մերժումները բոլորովին կտրեցին նրա հույսերը երբևէ տեսնել իր ընկերուհիներին։ Նա սկսեց ինքն իր համար զվարճալիքներ որոնել տանը։ Մայրը բերում էր նրա համար զանազան լաթերի կտորներ։ Սոնան կավից խաղատիկիններ էր շինում, հագցնում էր նրանց այդ կտորներից կարած գույնզգույն շապիկներ, դնում էր նույնպես կավից շինած մի տեսակ պատվանդանի վրա և խաղում նրանց հետ։ Յուրաքանչյուր խաղատիկին ուներ հատուկ անուն, որ Սոնան ընտրել էր իր ընկերուհիների անունների մեջ։ Նա խոսում էր ամեն մեկի հետ համաձայն այս կամ այն ընկերուհու բնավորության։

— Մարգարիտ, թևս մի՛ կծիր. Մանան, շապիկդ կեղտոտեցիր. ի՛ֆ, տափը մտնես, Ջավահիր, տես Զառվարդը ի՛նչ խելոք է․․․

Օրեցօր նա հասունանում էր։ Ինչպես ջերմոցի քնքուշ ծաղիկ, չնայելով բնական շրջանից անջատված լինելուն, փակ մթնոլորտի մեջ աճում էր և հետզհետե ստանում բնությունից սահմանված բոլոր ձևերն ու գեղեցկությունը։ Մայրական փաղաքշանքները և գգվանքներն էին կազմում նրա կյանքի ամենակենսատու հյութը։ Ծծում էր այդ հյութը ամբողջ հոգով և նրա մանկական սիրտը լեցվում էր որդիական սիրո ու երախտագիտության զգացումներով։ Այլևս չէր տխրում,