Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլևս չէր ձգտում դեպի փողոց։

Ձանձրալի էին նրա համար այն ժամերը, երբ մայրը տանը չէր, որ խաղատիկիններ բազմեցներ նրա առջև, ցույց տար յուրաքանչյուրի զգեստը, ուրախանար նրա հետ։

Կար և՛ մի ուրիշ անձ, որ ուրախակից էր Սոնայի ուրախությանը և վշտակից նրա վշտին, ով գիտե, գուցե ոչ պակաս քան նրա մայրը։

Այն օրից, երբ տեղի ունեցավ տխուր անցքը, գիժ-Դանելը շաբաթը մի երկու անգամ մտնում էր հացթուխի գավիթը և հարցնում Սոնայի մասին։

Մի զարմանալի հոգատարություն էր ցույց տալիս այդ փողոցային խենթը փոքրիկ աղջկա վերաբերմամբ։

Կարծես, այն օրվա դեպքը պարտականություն էր դրել նրա վրա՝ հետաքրքրվելու Սոնայի ճակատագրով, ինչպես մի փափկասիրտ արյունակից։

Սկզբում հացթուխը փորձեց թաքցնել նրանից իր աղջկա ցավը, մանավանդ, որ խենթը երբեք չէր հիշեցնում այդ մասին:

Նա հավատացած էր, որ վաղուց Սոնայի ուշաթափվիլը մոռացել են թե գիժ-Դանելը և թե աղջիկներն ու մանուկները։

Բայց մի օր Սոնան ընկավ գավթի մեջ խենթի ներկայությամբ, և այդ օրից անկարելի էր գաղտնիքը նրանից թաքցնել։

Գիժ-Դանելը ծանոթ էր այդ տեսակ ցավերին, կյանքում ընկնավորներ տեսել էր։

― Սուրբ է,— ասաց, երեսին խաչակնքելով,— տեսնենք ինչ մարգարեություն է անում։

Նա չոքեց Սոնայի առջև, պատկառանքով ականջ դրեց, բայց հիվանդի խրխռոցից ոչինչ չհասկացավ։

— Դանել-ապեր, հիմա ամեն բան իմացար,— ասաց հացթուխը աղերսական ձայնով,— թող երկնքում աստված, երկրում միայն մենք իմանանք։

— Սո՜ւսս, Մանիշակս քնած է,— շշնջաց խենթը ձեռով ծածկելով իր բերանը։ Այդ վայրկյանին նրա դեմքն այնքան խորհրդավոր էր, որ հացթուխը կարիք չզգաց իր խնդիրը կրկնելու։ Այնուհետև խենթն ավելի հաճախ էր այցելում հացթուխի խրճիթը։ Երբեմն գալիս էր պայտագործի հետ միասին։