Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս հարցը երբեմն Սոնային ձգում էր մտատանջության մեջ։ Առհասարակ նա հետզհետե դառնում էր մտախոհ, մելամաղձոտ։ Թվում էր, որ նրա փոքրիկ գլուխը անգործ չէ, և շատ մտքեր են նրան զբաղեցնում։ Ամենից պարզ զգում էր մի բան, այն` թե կա մի ցավ, որ թունավորում է իր մոր կյանքը։ Ի՞նչ է այդ ցավը։ Հոր արբեցությո՞ւնը, կոպիտ վարմո՞ւնքը։ Եթե այդ է, ինչո՞ւ առաջ նրա մայրը այնպես տխուր չէր, ինչպես այժմ։ Նա չէր զգում միայն իր սեփական ցավը, չգիտեր, որ ինքն է մոր թշվառության առաջին պատճառը։ Այդ նրան ոչ ոք չէր ասում։ Մի անգամ, անգութ հարվածից հետո ուշքի գալով, տեսավ իր մորը հեկեկալիս ու հարցրեց.

— Մա՛յրիկ ես հիվա՞նդ եմ։

— Չէ՛, որդի...

— Գլուխս էլի ցավում է. քնա՞ծ էի։

— Հա՛, որդի...

— Բաս ինչո՞ւ ես լաց լինում։

Հացթուխի լեզուն պապանձվեց, չկարողացավ պատասխանել։ Նա միայն գրկեց Սոնայի գլուխը և համբուրեց նրա շքեղ մազերը, սպիտակ ճակատը, գունատ այտերը։ Ժամանակը թշվառ մորը հաշտեցնում էր իր վշտի հետ։ Նա տանջվում էր, բայց ոչ առաջվա չափ։ Նա բողոքում էր իր ճակատագրի դեմ, բայց և՛ օրհնում էր նախախնամության կամքը։

«Ասում են, երբ աստված մեկին շատ է սիրում, նրան շատ է տանջում,— մխիթարում էր ինքն իրան հուսահատ րոպեներին, — ո՛վ գիտի, կարելի է աստված ինձ շատ է սիրում»։

Նա ձգտում էր իր թշվառության համար արդարացուցիչ պատճառներ գտնել։ Շատ խիստ էր ճակատագրի վճիռը, չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե այդ վճիռը կայացնողը կարող է, առանց մի մեծ պատճառի էին լինել այդքան անիրավ, այդքան անողոք։ «Աստված արդար է և ողորմած» հնչում էին նրա ականջին այս խոսքերը, որ ամեն օր լսում էր եկեղեցում։ Մի՞թե քահանան կարող է սուտ ասել, մի՞թե եկեղեցին կարող է խաբել։

— Մեղա քեզ, մեղա քեզ,— կրկնում էր հացթուխը ամեն