Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թվում էր, Ոսկանը մի տեսակ համակրանք էր տածում դեպի այդ անկոչ բարեկամը։ Գուցե պատճառն այն էր, որ երթ պայտագործը հարբած էր լինում, խենթն էր նրա թևի տակ մտնում ու տուն բերում։ Կամ գուցե այն, որ նա էլ Ոսկանի պես սիրում էր մեռելներին ուղեկցել մինչև գերեզմանատուն։ Բայց ուղեկցում էր ոչ թե քելեխ սիրելուց, այլ ուներ մի գաղտնիք, որ տակավին հայտնի չէր պայտագործին։ Այսպես թե այնպես, նա Ոսկանի համար մի սքանչելի ընկեր էր։ Նրանք միշտ միասին էին գնում գերեզմանատուն, միասին ծալապատիկ նստում բաց օդի տակ, կանաչազարդ գետնի վրա սփռած սեղանի շուրջը, միասին «արքայություն» մաղթում հանգուցյալին և շատ անգամ միևնույն ամանից ուտում։ Խենթն ինքը շատ քիչ էր խմում, բայց եռանդով կատարում էր իր բարեկամի խնդիրը — միմյանց հետևից լցնում էր նրա բաժակը, կրկնելով.

— Որսկան աղբեր, ներսդ տաքացրո՛ւ։

Երբեմն հանկարծ թողնում էր սեղանը և, գերեզմանաքարերի միջով ոստոստալով, հեռանում էր։ Թե ո՛ւր էր գնում—հայտնի չէր։ Կես ժամ անցած՝ վերադառնում էր, գլուխը կրծքին թեքած, քթի տակ երգելով ինչ-որ տխուր երգ։

Ամեն անգամ նա մեռելահացից բաժին էր բերում Սոնայի համար — մի քանի խաշած ձու կամ մի կտոր միս, իսկ մեծ մասամբ բարակ լավաշի մեջ փաթաթած «հալվա», որ ալյուրից, յուղից և մեղրից պատրաստած մի տեսակ տեղական քաղցրավենի էր։ Հացթուխը հոգով դեմ էր այդ բաժիններին, բայց ներում էր խենթին։ Նա երախտապարտ էր համարում իրան այդ մարդու առջև և չէր ուզում ոչ մի բանով նրա սրտին դիպչել։ Շատ անգամ հրավիրում էր խենթին ճաշի, նստեցնում էր իր ամուսնու մոտ և երկուսին էլ հավասար խոնարհությամբ ծառայում։

Իսկ Սոնան օրից օր ընտելանում էր գիժ-Դանելին։ Չկար այլևս առաջվա երկյուղը այդ մարդուց։ Այժմ ծիծաղում էր իր նախկին ընկերուհիների վրա, որ այնպես փախչում էին Դանելից։ Օ՜օ, նա բոլորովին գիժ չէ, բարի է, խաղաղ, անվնասա: Բայց ինչո՞ւ համար է այնքան ցավակցում Սոնային։