Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա՛ նա, այդ խեղճ կինը, ի՛նչպես երեսն ու ձեռները այրվել են թոնրի կրակից. ահա՛, ում կողոպտեց Սոնան։

— Ինչո՞ւ ես տխուր նստել, մո՛տ եկ, Սոնա, ե՛կ մի քիչ ուսերս տրորիր...

Սոնան լուռ մոտեցավ մորը։

— Հայրդ եկե՞լ էր, էլի գնա՞ց, բան կերա՞վ։

Սոնան հառաչեց։

— Ինչո՞ւ ես հառաչում։ Երևի, հորդ քեֆը լավ էր։

— Չէ, խմած չէր, քաղցած էր...

— Բաս ո՞րտեղ գնաց քաղցած փորով։

— Չեմ իմանում։

— Աղջի, դու լա՞ց ես եղել։

— Չէ, չէ,— կրկնեց Սոնան շտապով, երեսը մի կողմ դարձնելով։

Մայրը զգաց, որ անշուշտ մի բան է պատահել, և, իհարկե, կասկածեց, թե ինչ կարող է պատահած լինել։ Բայց նա մի խորը հայացք ձգեց Սոնայի աչքերի մեջ և այնտեղ չնկատեց այն տարօրինակ բթությունը, որ երևում էր ամեն անգամ «հարվածը» ստանալուց հետո։

— Սոնա, հայրդ քեզ վրա գոռացե՞լ է, թթու խո՞սք է ասել, ով գիտե, ծեծել է...

Այլևս Սոնան չկարողացավ իրան զսպել։ Գլուխը թաքցնելով մոր գրկում, երկրորդ անգամ հեկեկաց, և այս անգամ ավելի ուժգին։ Քանի մի րոպե անցած, նա անկեղծորեն խոստովանեց իր հանցանքը։ Մի վայրկյան հացթուխը մոռացավ հարազատ զավակի թշվառությունը, հրեց նրան ուժով, կատաղեց և գոռաց։ Նա մինչև անգամ ձեռը բարձրացրեց Սոնային խփելու։ Բայց իսկույն ուշքի եկավ և, երկու ձեռները ծնկներին զարկելով, գոչեց.

— Քանդվի հորդ տունը։

Նա հայտնեց գողացված փողերի գաղտնիքը։ Նա մտադիր էր զատկին մի գառ գնել, եկեղեցու դռների առջև մորթել և աղքատներին բաժանել Սոնայի համար։ Ուրեմն Սոնան իր «մատաղի» փողե՞րը գողացավ։ Այս միտքը մասամբ թեթևացրեց աղջկա վիշտը։