Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՛ վախենար, Սոնա ջան, մի՛ վախենար, ես մտիկ եմ տալիս, հենց որ եկավ-կասեմ։

Սոնան սկսեց խորշի մեջ որոնել այն ցնցոտին, որ մայրը խնամքով թաքցրել էր անկողինների տակ։

— Ինքդ վերցրու,— ասաց դողդոջուն ձայնով և գունատվեց,— ես վախենում եմ։ Ա՜յ, այն կապույտ կապոցի մեջ է։

Պայտագործը շտապեց վերցնել կապոցը, ծանր ու թեթև արեց ձեռի ափի մեջ և դրեց արխալուղի գրպանը։

— Քեզ համար ծամոն կբերեմ,— ասաց համբուրելով աղջկան, և շտապեց դուրս։

Երբ նա անհետացավ, Սոնան վազեց սենյակի անկյունը, ընկավ երեսի վրա և սկսեց հեկեկալ։ Նրա գեղեցիկ թիկունքները չթյա արխալուղի տակ ուժգին բարձրանում էին և ցած իջնում ա ալիքների պես։ Նրա սպիտակ պարանոցը ուռել ու դողդողում էր։ Նա կողոպտեց իր սիրելի և խեղճ մորը, որ օրը մինչև երեկո արյուն-քրտինք է թափում մի քանի հատ հաց կամ մի քանի պղնձի դրամներ վաստակելու։ Նա գողություն արեց. ինչո՞ւ, ո՞ւմ համար։ Ա՜խ, մի՞թե բոլոր աղջիկների հայրերն այդպես են...

Արտասուքը սպառվեց, բայց վիշտն ավելի համակեց Սոնայի սիրտը։ Նա խորհում էր իր անելիքի մասին։

Գիշերը ցերեկ կանի, չի ուտիլ, չի քնիլ, գուլպա կհյուսի, հորը կտա ծախելու, փողերը կդնի այնտեղ։ Չէ՛, չէ՛, մայրիկին չի ասիլ, նա լաց կլինի։ Սոնան թակվելուց չի վախենում, մայրը լաց կլինի։ Ի՜նչ վատ բան է, տեր աստված, ի՜նչ վատ բան է գողությունը...

— Այս դռներն ո՞վ բաց արավ,— լսեց Սոնան իր մոր ձայնը և սոսկալով ոտքի թռավ։

Հացթուխը կռնատակին դրած էր սովորական երկու թաժա հացերը և ափի մեջ ամուր սեղմած մի քանի պղնձի դրամներ։ Նա ներս մտավ թե չէ՝ պառկեց հատակի վրա, ծանր հառաչելով և արտասանելով.

— Փառք քեզ, աստված, որ ինձ նման խեղճերն էլ կարող են պառկել. հոգիս դուրս եկավ...