Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր աղջկա հոգու մեջ ծագող կասկածներից։ Կար ժամանակ, որ նրա մեջ Էլ ծագում էին այդպիսի կասկածներ։ Բայց շուտով խեղդեց նրանց իր սրտում և դարձյալ հաշտվեց այն մտքի հետ, թե աստված արդարամիտ է, անաչառ և գթառատ։

— Մի՛ ասա, որդի, մի՛ ասա․ աստծու դեմ տրտնջողի գլխին երկնքից կրակ կթափվի։

Սոնան զսպում էր իր լեզուն։ Սակայն անխուսափելի հարցը հետևում էր նրան ստվերի պես։ Ի՞նչ անի, ի՞նչպես չբողոքի։ Ինը տարի է փակված է իր հայրական խրճիթի չորս պատի մեջ, և մի՞թե պետք է հավիտյան անջատված մնա աշխարհից։ Մի՞թե գոնե իր ընկերուհիներին այլևս չպիտի տեսնի մի հարսանիքում, մի մեռելատնում, կամ եկեղեցում զատկի և ջրօրհնեքի երեկո։

Նրա ընկերուհիներից մի քանիսն ամուսնացել էին, ոմանք մայրեր էին արդեն։ Նա հեռվից լսում էր յուրաքանչյուր պսակվողի հարսանիքին ածվող զուռնայի ձայնը։ Այսօր այն սևիկ և ծիծաղկոտ Մարգարիտն է պսակվում։ Երանի թույլ տային Սոնային մի անգամ տեսնել նրան։ Արդյոք, ի՞նչքան է մեծացել նա, ի՞նչպես է հասակը, գեղեցկացե՞լ է, թե էլի նիհար է ու չոր շագանակի կեղևի պես։

Սոնան հիշում էր, որ իր ընկերուհիներն իրան կոչում էին «Սիրուն Սոնա»։ Առաջ նրա համար դա ոչինչ նշանակություն չուներ, այժմ էր հետաքրքրում նրան, ճշմարի՞տ է, որ ինքը սիրուն է, թե՞ ընկերուհիները ծաղրում էին։ Նա կանգնում էր ամեն օր պատից քաշ արած այն հասարակ հայելիի առջև, որ մայրը, իբրև օժիտ, ստացել էր մի ազգականից իր հարսանիքի օրը։

Նրա խիտ և գանգուր մազերը շքեղ հյուսվածներով սփռված էին մեջքին։ Տնային ծանր աշխատանքը, կարծես, մազու չափ չէր ազդել նրա կազմվածքի վրա։ Նա միջին հասակից քիչ բարձր էր, կանոնավոր իրանով։ Այո, այժմ ավելի էր սիրուն, քան մանուկ հասակում։ Միայն նրա երեսը չուներ իր տարիքին հատուկ կայտառությունը։ Նրա գույնը նվազ էր, հիվանդոտ․ մի նուրբ դեղնություն պատել էր ամբողջ դեմքը, նույնիսկ ականջները։ Սևորակ և խոշոր