Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որով գնում են ուրիշները։ Նա միայն առողջների և բախտավորների համար է բաց...

Սայլերին առաջնորդում էր մի ձիավոր, գդակը ծուռը դրած, մտրակը ծնկան վրա հենած, հանդարտ երգելով։ Երբեմն նա ձիու գլուխը դարձնում էր ետ և սպասում սայլերին։ Մի անգամ ետ մնաց և, ձիու սանձը քաշելով, կանգ առավ, նայեց երկու ուխտավոր կանանց։

— Սոնա, շալդ քաշիր երեսիդ,— ասաց հացթուխը։

Սոնան ծածկեց երեսը, հետո շուտով բաց արավ։ Մի՞թե այդ արձակ դաշտումն էլ իրավունք չունի մի քիչ ազատություն վայելելու։ Նա ուզում է լսել իր հասակակիցների երգը, ծիծաղը, ուզում էր մի քիչ մոտենալ նրանց։ Եվ մոտենում է։

— Ա՛յս կողմով, Սոնա, ա՛յս կողմով,— կրկնեց հացթուխը, ցույց տալով դաշտի խորքը։

Այդ միջոցին ձիավորը մոտեցավ հացթուխին։

— Ո՞ւխտ ես գնում,— հարցրեց նա։

— Հա, որդի։

— Ընդունելի լինի։

— Ամեն, քոնն էլ։

Ձիավորը չհեռացավ։ Նա ընթանում էր հացթուխի և նրա աղջկա հետ հավասար քայլով, մինչդեռ սայլերն արդեն բավական հեռացել էին։

— Հոգնած կլինեք, համեցեք, սայլերի վրա տեղ կա, նստեցեք,— առաջարկեց նա հացթուխին։

— Շնորհակալ եմ, աստված քեզ պահի, որդի, ուխտ ենք արել ոտով գնալ, գնում ենք։

Ձիավորը մի խոր հայացք ձգեց Սոնայի վրա։ Աղջիկը շտապեց երեսը շալով ծածկել։ Հացթուխը այլևս չէր խոսում։ Ձիավորը մտրակեց ձիուն և հասավ սայլերին։

Այդ միջոցին Սոնան լսեց մի ծանոթ ձայն։

«Պսպղում էր սև օձի պես մերկ թուրը,
«Սլանում էր բազեի պես քյոհլան ձին,
«Քամուն տալով բերնից վազող փրփուրը։
«Կատաղել էր, կոտորում էր Քյոլօղլին։»