Սոնան հետ նայեց և տեսավ գիժ-Դանելին, որ, գավազանը պարանոցին հորիզոնաձև դրած, ձեռները հովվի պես հենած ծայրերին քայլում էր առաջ, ոտաբոբիկ, գլխաբաց։
— Սուրբ Կարապետը մուրազիդ հասցնի, Շուշան բաջի,— ասաց նա, շուտով հավասարվելով հացթուխին։ — Խաթուն Սոնա, բարով տեսանք։
Սոնան ուրախացավ խենթի անսպասելի կերպով երևալուն։ Նրա հետ արգելված չէ խոսել, այժմ գոնե կարող է հարցուփորձ անել սայլերի հետ գնացող աղջիկների մասին։
— Մերոնք են,— պատասխանեց գիժ-Դանելը,— ուխտ ենք գնում։ Երկու ոչխար, մեկ ղոչ ենք տանում։ Սոնա խանում, տեսնո՞ւմ ես, քո լվացած հալավն եմ հագել,— դարձավ նա Սոնային, ցույց տալով իր շապիկը, որ, սովորականին հակառակ, մաքուր էր։
— Ամեն շաբաթ բեր լվանամ,— ասաց Սոնան։
— Չէ, նորը պիտի կարես։ Ես կտոր կառնեմ, դու կկարես։ Նա չէր կարում, պստիկ էր, մատներ ուներ շիմշադի պես...
— Էլի կոշիկներ չե՞ս հագել։ Ի՞նչ արիր քեզ համար հյուսած գուլպաները։
— Պահում եմ, Սոնա խանում, հարսանիքիդ պիտի հագնեմ։ Հարսանիք, հարսանիք, չմեռնեմ, Մանիշակիս տեսնեմ սուրբ սեղանի առաջ։ Տվեք քարը — կրծքիս խփեմ, վայ կանչեմ, տվեք հողը — գլխիս ածեմ, լաց լինեմ։ Շուշան բաջի, լավ մտիկ արա այն ձիավորին։ Հետը խոսում էիր, տեսա, է՜է, ասլան Դանելը մի բան է իմանում, շատ լավ բան, շատ լավ բան...
Արտասանելով վերջին բառերը, ոստոստաց առաջ, գավազանով ջարդելով ճանապարհի եզրին բուսած մորենի թփերը և երգելով. «Քյոհլան ձիու վրա նստած է Քյոռօղլին, է՜յ ջամահաթ ճամբա տվեք Ղռաթին»։ Հետո նա, գավազանը բարձրացնելով, գոռաց. «Մուրադ, հեյ, հեյ, Մուրադ, քշիր, քշիր, ասլանը եկավ»։
Նա վազեց դեպի ձիավորը, հետո հանկարծ կանգ