այն կողմը, սուգ ու շիվան բարձրացրած։ Հանկարծ նրանց դեմ վազեց մի գունաթափ մանուկ և արտասուքը աչքերում, խեղդված ձայնով ասաց.
— Մարիամ բաջի, այ Սեյրանը Սուսանի հետ մնացին հողի տակ, շուտ արեք հանեցեք, խեղճերի սիրտը կճաքի։
Մանուկը ցույց տվավ մի փոքր դեպի ձախ այնտեղից, ուր ինքը քիչ առաջ անհոգությամբ խաղում էր Սուսանի ու Սեյրանի հետ։ Մանկան բերանից թռած չարագուշակ խոսքերը սուր ասեղներ էին, ցցված դժբախտ մայրերի սրտում։
— Բալաս վայ, վա՜յ,— դուրս թռավ միաժամանակ նրանց կրծքից։ Սա մի վայրենի ձայն էր, մի ձայն, որ կարող է միայն մոր կրծքից դուրս գալ զավակի կործանման վայրկյանին։
II
Բարխուդարի և Հայրապետի խանութները գտնվում էին քաղաքի միևնույն թաղում, միևնույն շարքում, այնպես որ այստեղ ևս նրանք հարևաններ էին։ Նույն ժամին, երբ Գյուլնազը պատուհանի առաջ նստած գուլպա էր գործում, նրա ամուսինը, Բարխուդարը, յուր խանութում, մինդարի վրա ծալապատիկ նստած, դազգյահի առաջ կար էր անում։
Մոտ հիսուն տարեկան էր Բարխուդարը, բարձրահասակ, հաստ և բավական երկայն բեղերով, սափրած երեսով, խիտ հոնքերով, որոնց տակ տեղավորված էին նրա շագանակագույն աչքերը։ Բարխուդարը ավելի նիհար էր, քան գեր, բայց նրա այտերի տակից դուրս ցցված հաստ ոսկորները, լայն թիկունքները և բարձր ուսերը արտահայտում էին նախանձելի առողջություն և ուժ։ Նա հագնում էր երկայն թևավոր կապա, նույն ձևի արխալուղ, որի վրա ուղիղ երեք ծալ կապած էր կապտագույն մետաքսյա գոտի։ Իսկ գլուխը ծածկում էր բուխարայի սև մորթուց կարած երկայն, սրագագաթ գդակով, որի ծայրերը թե՛ ներքևից, և թե՚ վերևից մաշվել էին, տեղ֊տեղ մորթու մազերը թափվել էր ու սպիտակ կաշին մերկացել։ Բացի Բարխուդարից, խանութում