Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա այդ հառաչանքներից մեկի վայրկյանին էր, երբ Գյուլնազը հանկարծ զգաց մի զորեղ շարժում։ Երկար մտածել չէր կարելի, նա իմացավ, թե ինչ է նշանակում այդ շարժումը։ Գուլպան ձգեց մի կողմ և մի ակնթարթում դուրս թռավ։


Առաջին վայրկյան նա մտածեց յուր զավակների, հետո միայն ամուսնու մասին։ Որդին — Սմբատը ուսումնարանում է, իսկ ուսումնարանը բավական հեռու է, ուրեմն նախ հարկավոր է որոնել Սուսանին։ Գյուլնազը վազեց փողոց, որ արդեն լցվել էր հարևաններով։


— Ախչի՛, Գյուլնա՛զ, Գյուլնա՛զ, այ բոյիդ մեռնեմ, բալաներս, բալաներս,— ասելով հանդիպեց նրան փողոցի դռանը մի միջահասակ կին, երկու ձեռներով ճանկռտելով մերկ կուրծքը։


Սա հարևան «կուժ ծախող» Հայրապետի կինն էր, Սեյրանի մայրը, Մարիամ բաջին։ Գյուլնազի մեջ կենդանություն չէր մնացել, նրա լեզուն կաշկանդվել էր. խոսելու ուժ չուներ։ Առանց պատասխան տալու, թռավ առաջ և ընկավ Մարիամ բաջու գիրկը, ինքն էլ չգիտեր ինչու համար։


— Ձեռ քաշիր, ախչի', խելքդ գլուխդ հավաքիր, որ տեսնենք բալաներս ինչ տեղ մնացին,— բղավեց Մարիամ բաջին, բոլոր ուժով հրելով Գյուլնազի կրծքին։


Խեղճ կինը բոլորովին ուժաթափ եղավ, բայց ոչ երկար ժամանակ։ Մայրական սերը կրկին վերադարձրեց նրան բնական աշխուժությունը։ Նա, գլխակոր վազելով, հետևեց Մարիամ բաջուն, որ նույն վայրկյանին ինքն էլ չգիտեր, ուր է վազում։


Այս ամենը անցնում էր երկրաշարժը պատահած րոպեին, երբ մարդիկ զգում էին, թե դեռ երկիրը չի դադարել օրորվելուց։ Երկու մայրերը չգիտեին ինչտեղ էին իրանց զավակները։ Գյուլնազը այնքան շփոթված էր, որ մոռացել էր, թե մի րոպե առաջ նրա Սուսանը խաղում էր մանուկների հետ հենց իրանց տան պատուհանի առջև, ուրեմն այդ կարճ միջոցում նրանք չէին կարող շատ հեռու փախչել։ Խեղճ կանայք, փետտելով իրանց գլխի մազերը և եղունգներով ճանկռտելով իրանց երեսն ու կուրծքը, վազում էին այս ու