սրբերի հրաշքների մասին։ Քանի-քանի կաղեր, կույրեր և համրեր են բժշկվել հենց աչս խարխուլ վանքում։
— Աչքովս եմ տեսել, մեկ-մեկ կարող եմ ցույց տալ, հավատացնում էր խենթը։— Նասր-էդդին շահի գալու տարին էր, երկինք, երկիր չորացել էր։ Ռաշպարը կուրծք էր թակում, աստված կանչում։ Եկան մասունքը առոք-փառոք տարան քաղաք, թափոր էր։ Արևը մարդ էր խաշում, եղունգիս չափ թուխպ չկար երկնքում։ Մեկէլ տեսնենք աղոթարանի կողմից մթնեց՝ անձրև բռնեց․ ի՜նչ անձրև, ճիպոտ-ճիպոտ։ Այն տարի ցորենի խալվարը ծախվեց հինգ մանեթով։
Մինչ խենթը պատմում էր, այնտեղ, վանքի գավթում ուխտավոր աղջիկները նվագում էին, պարում և երգում։ Կարծես, նրանք ոչ մի ցավ չունեին, եկել էին այդ սրբավայրը հատկապես զվարճանալու և Սոնայի նախանձը շարժելու համար։ Բա՛հ, միթե մե՞ղք չի սրբի մասունքի մոտ ծիծաղել ու հրհռալը։ Բայց ի՞նչ լավ սազ է գալիս այն զվարճությունը ջահիլ աղջիկներին վանքի կանաչ գավթում, այդ մամռապատ քարերի շուրջը, այդ վայրենի թփերի մոտ։ Մռայլ երկյուղածության զգացումը Սոնայի սրտում տեղի էր տալիս նախանձի զգացմանը։ Հասակակիցների անզուսպ զվարճությունը նրան թվում էր իբրև մի տեսակ նախատինք,որ նա ցավագար է, աստծուց պատժված, մարդկանց երեսից զկված։
Ճաշից հետո, ուխտավորները, իրանց իրեղենները թողնելով վանքում, ցրվել էին գյուղից դուրս զբոսնելու։ Գիժ Դանելը գնացել էր վանքից ոչ հեռու գտնվող մի ձորակի աղբյուրից ջուր բերելու։ Սոնան իր մոր հետ բարձրացավ մի փոքրիկ դալարազարդ բլրակի վրա և այնտեղից նայում էր հեռավոր ձյունագագաթ լեռներին։ Վանքի պատի առջև նկարվեց մի տղամարդի կերպարանք։ Սոնան իսկույն շալը քաշեց երեսին։ Մի քանի վայրկյան անցած, կրկին երեսը բաց արավ։ Այս անգամ ճանաչեց այն բարեսիրտ ձիավորին, որ նախընթաց օրը առաջարկում էր նրանց սայլը նստել։ Գդակը դարձյալ ծուռ դրած, մի ձեռը հենած դաշույնի դաստապանին, մյուսը դրած դեղնագույն չուխայի տակ,