համարձակ աչքերով նայում էր Սոնային։ Երբեմն շփում էր իր բարակ ընչացքը և նայում կրծքին, կարծես, ինքն իրանով հիանալով։ Եվ իրավունք ուներ հիանալու։ Նրա բարձր հասակը, առույգ դեմքը և առողջ կուրծքը միասին գումարած տեղական չափահաս աղջիկների համար ներկայացնում էին մի գրավիչ փեսացու քսանուվեց տարեկանից ոչ ավելի։ Սոնան դարձյալ երեսը ծածկեց։ Երիտասարդը տեսնելով, որ աղջիկն ամաչում է, համեստությամբ հեռացավ և թաքնվեց պատի ետևում։
Այդ միջոցին գիժ-Դանելը սառն ջրով չի կուժը իր կիսամերկ ուսի վրա դրած մոտենում էր վանքին։ Սոնան նրա դեմքի վրա նկատեց մի խորամանկ ժպիտ, որի նմանը առաջին անգամն էր արտահայտում այդ դժբախտ դեմքը։ Երբ մայր ու աղջիկ վերադարձան վանքի գավիթը, գիժ-Դանելը գավազանը սազի պես կրծքին բռնած, երգում էր։ Տեսնլով հացթուխին, վազեց առաջ և սկսեց նրա հետ շշնջալ։ Նա խոսում էր դեղնագույն չուխավոր երիտասարդի մասին։ Պնդում էր, թե այդ երիտասարդը շատ է հավանել Սոնային և մտքում դրել է նրան ուզել։ Առաջին անգամ Սոնային տեսել է փողոցով անցնելու ժամանակ, դռների միջով, երբ Սոնան իրանց տան գավիթը ավլելիս է եղել։ Նա հարցրել է անծանոթ աղջկա մասին իր տնեցիներին։ Ոչ ոք չի ճանաչել։ Մի անգամ էլ երիտասարդը նույն փողոցով անցնելիս, տեսել է, որ Դանելը դուրս է գալիս այդ տնից։ Նա հարցրել է Դանելին, և «ասլանը» այնքան գովել է Սոնային, որ Մուրադի աչքերը պսպղել են»։
— Ես քեզ ասում եմ գժվել է, գժվել,— ավարտեց խենթը խոսքը, ձեռը բարեկամաբար խփելով հացթուխի ուսին։— Այսօր էգուց մարդ կուղարկի, էլ չի համբերիլ։ Մի ժամ հետո խցի առջևով անցան երկու կին — մեկը պառավ, մյուսը դեռ երիտասարդ — և հետաքրքրությամբ նայեցին Սոնային։ Խենթը ասաց հացթուխին, որ պառավը Մուրադի մայրն է, իսկ երիտասարդը — եղբոր կինը։
Հացթուխը վերջին անգամ աղոթեց վանքում և Սոնայի հետ ճանապարհ ընկավ դեպի քաղաք։ Խենթը նրանց ուղեկցում էր։ Նա շարունակ խոսում էր Մուրադի մասին,