Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նրա խելքը, գեղեցկությանը, տունուտեղը։ Մինչև ժամանակ խոսում էր բոլորովին առողջ մարդու պես։ Հենց որ բարձրացավ ճանապարհի վրա գտնվող մի մեծ բլուրի գագաթը է որտեղից երևում էր քաղաքի շրջակայքը, գիժը հանկարծ փոխվեց։ Նա ընդհատեց իր խոսքը, ձեռով ցույց տվեց քաղաքից երկու վերստաչափ հեռու գտնվող գերեզմանատունը և աղաղակեց.

— Այնտեղ է, ա՛յ այնտեղ...

Վազեց առաջ, գավազանը բարձր բռնած, գազանի պես մռնչյուններ արձակելով։ Առաջին անգամն էր Սոնան խենթին տեսնում այնպես կատաղած։ Նա չվախեցավ։ Հարյուր քայլաչափ վազելուց հետո գիժ-Դանելը կանգնեց և, գավազանը գլխի վրա հորիզոնաձև բռնած, խոշոր քայլերով մոտեցավ իր ուղեկիցներին, արտասանելով.

— Յա՛, սուրբ Կարապետ, յա՛, սուրբ Կարապետ...

Նա իրանից ձևացնում էր մի լարախաղ, աչքերը հառած դեպի մի որոշ կետ և ուսերը շարժելով։ Սոնան նայում էր նրան, արտաքուստ ժպտում, ներքուստ ցավում։ Ինչո՞ւ այդ մարդը պատժվել է աստծուց, մի՞թե նա էլ մեղք է ունեցել։ Զգում էր, որ խենթի հոգեկան հիվանդությունը ունի պատճառ։ Բայց թե ինչ էր — չգիտեր և չէր համարձակվում ակնարկել անգամ։ Միայն, երբ խենթը մոտեցավ, Սոնան հարցրեց.

— Դանել ապեր, հիմա գիշերները որտե՞ղ ես քնում։

— Ժամհարի մոտ։

— Ինչո՞ւ եղբորդ որդիների տանը չես քնում։

Խենթը, պատասխանի փոխարեն, սկսեց երգել մի պարսկերեն երգ, ամեն տնից հետո կրկնելով.

«Սիրտդ քար է որսորդ,
«Ինչո՞ւ բալիս խփեցիր,
«Ինչո՞ւ բալիս խփեցիր...»


V

Այժմ գիժ-Դանելը ամեն օր էր այցելում իր բարեկամներին։ Նա բերում էր իր ազգականների մասին ամեն անգամ նոր տեղեկություն և միշտ կրկնում, թե ահա, ահա