մտավ պայտագործը, որ արդեն սկսել էր ձանձրանալ այդ ձևականությունից,— երկու այնքան էլ ներսումն է։
— Տա աստված,— ասաց «չոփուռ» Կարապետը։
— Ներսինը իմանալ դժվար է,— ավելացրեց նրա կինը, ապակյա աչքերը հառելով Սոնայի երեսին։
— Ես ձեզ աղջիկ չեմ տալիս, այլ հալած ոսկի,— շարունակեց պայտագործը սեփական տրամադրությունից ոգեվորված,— խելք ասես — ծով, շնորհք ասես — էլ ավելի։
Այս տունը նրա վզին է։ Կերակուրներ է եփում, որ ուտելիս մատերդ էլ հետն ես ուտում, էլ չեմ ասում կարելն ու լվանալը։ Մեկ էլ որ մեր պապերի խոսքն է․ լավ որդին օջախից կճանաչվի։ Ախար, մենք էլ այս քաղաքում մի օջախենք, անուն ունինք։ Տեր հայր, ինչ կասես։
— Իսկությունն ես հրամայում։
Հացթուխը տեսնելով, որ իր ամուսինն արդեն պատրաստ է ստեր փչել, շտապեց ընդհատել նրա ոգևորությունը․
— Մախլաս, աղջիկ է, է՛լի․ շատ էլ գովենք, ի նչ դուրս կգա, դուք պետք է հավանեք։
Հոգու խորքում զգում էր, որ առանց այդ էլ խաբում էիր հյուրերին, թաքցնելով նրանցից Սոնայի ցավը։ Նա մտածում էր, որ իր արածը վատ է, աններելի, աստծու կամքի և մարդկանց օրենքների հակառակ։ Բայց ուժ չուներ միակ դստեր բախտի դեմ կանգնելու, ինքն իր բերանով նրան խայտառակելու։
Մի վայրկյան միայն չկարողացավ իրան զսպել։ Դուրս եկավ խրճիթից և իր անհանգստությունը հայտնեց Դանելին։ Խենթը կանգնած էր դռների մոտ և դրսից դիտում էր ներսում կատարվող տեսարանը։ Ազգականները նրան պատվիրել էին այդ երեկո չերևալ հացթուխի տանը։ Բայց նա չդիմացավ, կամեցավ բարեկամների ուրախության հանդեսը կամ, ինչպես ինքն էր ասում, «Մանիշակի նշանդրեքը» իր աչքերով տեսնել։
— Բանիդ կաց, ասում եմ քեզ,— խրախուսեց նա հացթուխին,— ասլան Դանելը ոչ ոքի չի ասիլ, սո՛ւս…