Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո, մի հատ կարմիր նուռ հանելով ծոցից, տվեց հացթուխին։

— Ա՛ռ, Շուշան բաջի, աստված շնորհավոր անի, իսկի մի վախենալ։ Ասա Մանիշակիս, որ նրա բաշխած գուլպաները հագել եմ. ա՛յ, քոշեր էլ ունիմ...

Տեր Մարկոսը շտապեց «պահպանիչ» ասել, մատանին օրհնեց և դրեց Սոնայի մատին, կանխապես մի սուր հայացք ձգելով խնամիների բերած մի գլուխ շաքարի վրա։

Անշուք հանդեսը վերջացավ, հյուրերը գնացին։ Պայտագործը հարձակվեց մնացած օղիի վրա և սկսեց բաժակ բաժակի հետևից դատարկել։ Սոնան, խրճիթի մի անկյունում կուչ եկած, հեկեկում էր։ Նրա ձայնը դուր չեկավ պայտագործին։ Առանց այդ էլ նա արդեն ձանձրացել էր հյուրերի շատախոսությունից։

— Ի՛նչ ես քեֆս փչացնում,— գոռաց նա,— ա՛յ կնիկ, աղջկադ տզտզոցը կտրիր։

Հացթուխի համար սրբապղծություն էր այդ հանդիսավոր երեկո վիրավորել հիվանդոտ աղջկա սիրտը։ Ահա ինչու չկարողացավ իրան զսպել և բարկացած արտասանեց.

— Լակում ես — լակիր, ձեռդ բռնող չկա։

— Ինչ ասացի՛ր, լակե՞մ, փահ, բաս ես շուն եմ, է՛լի,— կատաղեց պայտագործը, ոտքի կանգնելով։

— Շուն չես, շան պես ես վարվում աղջկադ հետ։

Պայտագործի աչքերը մթնեցին։ Բռունցքն ամուր սեղմելով առաջ քայլեց։ Արդեն պատրաստ էր խփելու հացթուխին, երբ Սոնան վազեց, բռնեց նրա արխալուղի փեշերից երկու ձեռներով և ուժով ետ քաշեց նրան, աղաղակելով.

— Չեմ թողնիլ, չեմ թողնիլ...

Բայց բռնակալն այնքան կուրացել էր, որ երեսը ետ դարձրեց և ձեռը բարձրացրեց իր աղջկան խփելու, գոռալով.

— Խոսք խոսքի եք տվել, հաա՞...

Այդ վայրկյանին մեկն ամուր բռնեց նրա ձեռն օդի մեջ,

— Չեմ թողնիլ, ասլան կասեն ինձ, չեմ թողնիլ...