Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտատանջության մեջ, ապա, գավազանը օդի մեջ պտտեցնելով ասաց.

— Մանիշակիս քեֆին դիպչողի գլուխը փշուր փշուր կանեմ...

Ո՞վ էր Մանիշակը ինչո՞ւ էր խենթը Սոնային այդպես անվանում - հայտնի չէր։ Նկատելի էր միայն, որ միշտ այդ անունը արտասանելիս նրա աչքերն առանձին արտահայտություն էին ստանում, և նա առանձին գգվանքով էր նայում Սոնայի երեսին։ Իսկ Սոնան խենթի հայացքի մեջ զգում էր մի խոշոր հեռավոր վիշտ, ամրացած նրա սրտի անթափանցելի խորության մեջ։ Շատ անգամ ձգտում էր գուշակել այդ վիշտը։ Եվ ոչինչ չէր կարողանում պարզել։ Զգում էր սակայն, որ օրեցօր իր համակրանքը դեպի այդ մարդն ավելանում է։ Նա ուրախանում էր, երբ խենթին տեսնում էր ուրախ և անհոգ, տխրում էր, երբ խենթը երևում էր տխուր։

Մի օր գիժ-Դանելը ներս մտավ կռնատակին դրած մի կտոր հասարակ կապտագույն կտավ և, ձգելով Սոնայի գիրկը, ասաց.

— Սոնա խանում, արխալուղ կարիր ասլան Դանելի համար, հարսանիքդ մոտենում է։

Խենթը պիտի արխալուղ հագներ։ Դա Սոնայի համար չտեսնված բան էր։

Արդեն երեք շաբաթ էր մնում մինչև հարսանիքի օրը։ Այժմ Սոնայի միտքը զբաղված էր մի խնդրով, արդյոք ի՞նչ է սպասում նրան ամուսնական կյանքում։ Իբրև իր շրջանի հարազատ զավակ, ամուսնության մասին ուներ մի շատ պարզ և անբարդ գաղափար։ Աղջկա վիճակը համարում էր ծնողների կամքին ենթարկված։ Նրանք են պահում։ Մեծացնում իրանց զավակին, նրանք էլ պետք է նրա կյանքի ընկերն ընտրեն։ Տանը մնացած աղջիկն իր ծնողների համար մի ծանր բեռն է։ Կնիկարմատը պետք է իր մարդու աշխատանքով ապրի, ծնողները պարտավոր չեն նրան մինչև մահ կերակրել։ Այս պատճառով ամեն աղջիկ, եթե նա երկու աչքերով կույր չէ, պետք է ամուսնանա թեկուզ մի մուրացկանի հետ։