Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այս պարզ գաղափարը բարդանում էր և անլուծելի խնդիր դառնում, երբ կապվում էր այն մտքի հետ, որ ինքը Սոնան, ընկնավոր է։ Աստված նրան ստեղծել է թշվառ, իսկ մայրն ուզում է անպատճառ բախտավորեցնել նրան։ Այսօր վաղը կբռնեն նրա թևից և մի օտար տուն կտանեն։ Գիտե՞ փեսացուն, նրա գլխի ապագա տերը, որ իր հարսնացուն ցավագար է։ Եթե գիտե, ինչու է ամուսնանում մի անբախտ աղջկա հետ և իրան էլ անբախտացնում։ Եթե գիտե, մի՞թե չպիտի հայտնել։ Եվ անթիվ կասկածներ, միմյանց հաջորդելով, պաշարում էին Սոնայի թույլ ուղեղը և կաշկանդում։ Ի՞նչ կլինի, տեր աստված, եթե նա հենց պսակադրության օրը, եկեղեցում չարից բռնվի և ընկնի։ Ի՛նչ զանպատվություն ի՛նչ ամոթ։ Նրա ամուսինը կթողնի նրան ու կհեռանա զզվանքով. մարդիկ երես կդարձնեն և Սոնան կմնա իր մոր գրկում։ Երկա՞ր ժամանակ կմնա ընկած, թե՝ շուտով ուշքի գա։ Վերջապես, ի՞նչպես է ուշաթափվում, ի՞նչ է անում, ի՞նչ է խոսում։

— Ասա, մայրիկ, խոսում եմ, դելի՞ն եմ տալիս, ի՞նչ եմ անում,— հարցնում էր երբեմն իր մորից։

— Ի՞նչ ես հարցնում, բալաս, ինչ որ լինում է, աստծու կամքով է լինում։

Ավելի լավ չէ՞, որ Սոնան մեռնի և իր մորն ազատի խայտառակությունից․ մեռնի հենց այժմ, այս րոպեին։ Բայց ո՞րտեղ է մահը, որ գար, ազատեր նրան այս ցավերից։

Մեղա քեզ, մեղա քեզ,—շշնջում էին Սոնայի շրթունքները, երբ նա մահ էր աղերսում,— ասում են, մահ ուզելը մեղք է։

Կիրակի և հինգշաբթի օրերը արբշիռ պայտագործը ճշտությամբ այցելում էր խնամիներին և, եթե ամոթը մի քիչ չզսպեր նրան, պատրաստ էր ամեն օր այցելել, այն էլ ճիշտ այն միջոցին, երբ կարող էր ճաշի հրավիրվել։ Նա ասում էր կնոջը, թե փեսացվին հավանում է, իսկ խնամներին — ոչ։ Բռի գյուղացիներ են, մարդավարի վարվելու շնորհք չունեն։