Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նորահարսը խոնարհությամբ լսում էր նրա խրատները, թեև ոչ մի խրատի կարիք չուներ, քանի որ գիտեր իր բոլոր պարտականությունները։ նա չէր ուզում ընդդիմանալ այդ կնոջը, դեպի որը զգում էր մի անբացատրելի երկյուղ, մանավանդ երբ նայում էր նրա ապակյա աչքերին։ Նույն երկյուղը Սոնան զգում էր դեպի սկեսուրը, որի ոսկրոտ ճակատի տակ նստած փոքրիկ ու պսպղուն աչքերի մեջ փայլում էր մի առանձին չարախնդության, երբ պառավը կարող էր նորահարսին նախատել թեկուզ մի աննշան սխալի համար։

Բայց, չնայելով այդ երկու զույգ երկյուղալի աչքերին, որ գիշեր-ցերեկ հալածում էին Սոնային, նա տակավին երջանիկ էր որովհետև սիրում էր յուր ամուսնուն և սիրվում նրանից։ Երբեմն այդ փոխադարձ սիրո գիտակցությունն այնքան տիրում էր նրա հոգուն, որ մոռանում էր անցյալի բոլոր թշվառությունները և անձնատուր լինում երջանիկ հոգեզմայլության։ Այդ միջոցներին նրա ճակատը պայծառանում էր, դեմքի գույնը թարմանում, կիսով չափ անրջոտ աչքերի մեջ վառվում էր կենսասիրության հուրը։ Նա գեղեցկանում էր, ուրախ, աշխույժ դառնում և այսպիսով ավելի գրգռում Գյուլնազի նախանձն ու ատելոթյունը։

Մի անգամ Սոնան, լուսամուտի մոտ նստած, սպասում էր ամուսնուն, որ պետք է շուտով վերադառնար շուկայից։ Բակից լսվեց գիժ-Դանելի ձայնը։ Սոնան գլուխը բարձրացրեց ուրախացած։ Վաղուց փափագում էր տեսնել իր բարեկամին։

Խենթը, գավազանն ուսին դրած, մոտենում էր լուսամուտին, ցածր ձայնով երգելով։ Դարձյալ նա ոտաբոբիկ էր և գլխաբաց։ Գավազանի ծայրը զարդարված էր վայրի ծաղիկների մի մեծ փնջով։ Մոտենալով լուսամուտին, խենթն այդ փունջը զգուշաբար բաց արավ գավազանի ծայրից և առաջարկեց Սոնային ասելով.

— Խանում֊խաթունիս հազար բարով։ Ղըզ-Ղալասիի սարից եմ գալիս, քեզ համար քաղեցի այս ծաղիկները։

Սոնան սիրալիր ժպտալով, ընդունեց փունջը, հոտ քաշեց և ասաց զգացված․