Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ բարի սիրտ ունիս, Դանել ախպեր։ Ես կդնեմ այս ծաղիկները ջրի մեջ, կպահեմ...

— Մինչև որ կպշկեն, նորերը կբերեմ,— լրացրեց խենթը։— Ամեն կիրակի կգնամ Ղըզ-Ղալասի։ Քոլերի մեջ եմ քաղել, սիրուն ծաղիկներ են, հոտ արա, տես...

— Շատ լավ են, շատ լավ են,— ասաց Սոնան, շարունակ հոտոտելով փունջը և մատներով ուղղելով նրա տերևիկները։— Ո՞րտեղ ես մնացել, Դանել ապեր, ինչո՞ւ շուտ-շուտ չես գալիս մեզ մոտ։

Այս հարցը, կարծես, ազդեց խենթի տրամադրության վրա։ Նա հայացքը ձգեց բակի խորքը և խորհրդավոր եղանակով արտասանեց.

— Չկա՜...

Հետո, արագությամբ երեսը դարձնելով Սոնային, ասաց.

— Իգիթ տեսա, ձի էր նստած, սիրեցի. կյանքս կտամ թողեք գնամ իմ յարին... Լա՞վ ես, Սոնա խանում, ուրա՞խ ես։ Մուրադին հավանո՞ւմ ես...

Սոնան ամոթխածությամբ գլուխը թեքեց կրծքին։ Խենթը նայեց աջ ու ձախ, թեքվեց դեպի Սոնան ու ցածր ձայնով շարունակեց.

— Սկեսուրդ քեզ հետ լա՞վ է վարվում, Կարապետի հարսը խոմ չի՞ նեղացնում...

— Չէ, Դանել ապեր, սկեսուրս էլ լավ կնիկ է, Գյուլնազ-բաջին էլ, ամենքն էլ լավ են։ Շնորհակալ եմ քո ազգականներից. շատ, շատ շնորհակալ եմ։

— Չխաբես...

— Ի՞նչ ես ասում, Դանել ապեր, ես քեզ ե՞րբ եմ խաբել։

— Քեֆիդ դիպչողին պատառ-պատառ կանեմ...

Սոնան ժպտաց, հիշելով այն ժամանակները, երբ խենթի այս սպառնալիքներից վախենում էր։

— Դանել ապեր, ինչո՞ւ էլի գլխաբաց ու ոտաբաց ես,— հարցրեց նա հանկարծ։

— Հարսանիքդ տեսա, հերիք է... Եթե քեֆիդ դիպչեն, ինձ ասա, ի՛նձ ասա։ Մնաս բարով, գնամ ժամհարիս մոտ...