նը։ Չնայելով նրա բարեկամական զգացումներին և հեղ վարմունքին, հակառակորդները ճգնում Էին նրա վարկը գցել ամուսնու մոտ։
Սկզբում Մուրադը բարկանում էր, երբ կողմնակի ակնարկներ էր լսում Սոնայի ծուլության կամ անհնազանդության մասին։ Ապա ուշադիր եղավ այդ համառ ակնարկներին և կամեցավ վերստուգել իր մոր գանգատները։ Փորձը համոզեց նրան, որ Սոնան ոչ միայն ծույլ չէ, մեծերի պատիվը ճանաչում է, այլև ամբողջ տան գործերը նրա վզին են, և հարգում ու մեծարում է ընտանիքի ավագներին գուցե ավելի, քան պահանջվում է։ Այս պատճառով Մուրադը մի օր ընդհարում ունեցավ տնեցիների հետ։ Գրգռված րոպեին այս անգամ բացարձակ կասկած հայտնեց իր եղբոր կնոջ բարեխղճության մասին։ Գյոլլնազը, հարկավ, վիրավորվեց, լաց եղավ իր ամուսնու մոտ։ Հերթը հասավ «չոփուռ» Կարապետին։ Նա հանդիմանեց Մուրադին իր կնոջ վերաբերմամբ, և առաջին անգամ երկու եղբոր մեջ տեղի ունեցավ մի անախորժ վեճ։
Արդեն պառավ Չառնիշանը և Գյուլնազը համոզվել էին, որ անկարելի է Մուրադին լարել իր կնոջ դեմ, երբ… ճակատագիրը դավաճանեց Սոնային։
Կիրակի առավոտ էր։ Ամբողջ ընտանիքը խմբված էր միջին, ընդհանուր սենյակում։ Սոնան թեյ էր պատրաստում, բերանը երեսքողով ծածկած, անբաժան շալը գլխին։ Այն վայրկյանին, երբ, բաժակներով լի մատուցարանը ձեռքին, մոտենում էր Զառնիշանին, մարմնի վրա զգաց մի անսովոր ցուրտ։ Նրան թվաց, իբր մի քանի խոնավ և պաղ որդեր մեջքի վրայով սողում են դեպի վեր։ Նա սարսռեց գլուխ, մի սուր ճիչ արձակեց, դողաց և, մատուցարանը ձեռից բաց թողնելով, ընկավ հատակի վրա։
Գյուլնազը երկյուղից գոռաց։ Չառնիշանը ձեռները զարկեց ծնկներին։ Կարապետը չիբուխը բերանից հանեց և ապշած նայեց հատակի վրա թափված թեյին ու փշրտված բաժակներին։ Իսկ Մուրադը մի ակնթարթում ոտքի թռչելով, մոտեցավ Սոնային բարձրացնելու։ Բայց նայեց նրա դեմքին, սարսափեց և ապշած մնաց տեղն ու տեղն