Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարապետի երեխաները բարձրացրին անասելի աղմուկ։ Մեծերը սկզբում կարծեցին, որ Սոնան պատահաբար ընկավ։ Բայց երբ տեսան նրա կարմրած երեսը, փրփրոտ բերանը, ատամների մեջ սեղմված լեզուն, լսեցին չարագուշակ խրխռոցը, քողը սկսեց ընկնել նրանց աչքերից։

Ամենից առաջ Գյուլնազն արտասանեց.

— Ընկնավոր է։

Նա իր գլխի շալը ձգեց Սոնայի երեսին և երեխաներին դուրս տարավ։ Պառավը դարձյալ ձեռները զարկեց ծնկներին և ճչաց։ Կարապետը ցավակցաբար նայեց եղբոր երեսին։ Մուրադը դեռ արձանացած էր միևնույն տեղում, աչքերը հառած կնոջ անզոր թավալվող մարմնին։

Տեսարանը տևեց ընդամենը երկու րոպե։ Սոնայի երեսը բաց արին։ Նա արդեն ուշքի էր գալիս։

Անմիջապես մարդ ուղարկեցին հացթուխի ետևից։ Դեռ կասկածում էին, որ Սոնան ընկնավոր է։ Միայն Գյուլնազն էր պնդում, թե կյանքում ընկնավորներ շատ է տեսել, բոլորն էլ Սոնայի պես են ուշաթափվում։ Երբ հացթուխը ներս մտավ, պառավ Զառնիշանը գոռաց.

— Աղջիկդ ցավագար է...

Խե՜ղճ մայր. այս մի հատիկ բառը բավական էր նրան։ Նա գունատվեց, ոչինչ չասաց, և ի՞նչ ասեր։ Կասկածը փարատվեց։ Հացթուխն անցավ իր աղջկա սենյակը։ Սոնան այնտեղ հագուստով պառկած էր անկողնում։ Սենյակի մի անկյունում, սնդուկի վրա, նստած էր նրա ամուսինը, ձեռները կռնատակին դրած, աչքերն ուղղած հատակի մի կետին։ Նա գլուխը բարձրացրեց և նայեց իր զոքանչի երեսին։ Դա աղերսանքով և տանջանքով խառն մի հարցական հայացք էր, միևնույն ժամանակ, տակավին հույսով լի։ Նա ուզում էր հացթուխից լսել, թե ո՛չ, Սոնան ընկնավոր չէ, թե նրա ուշաթափվելը պատահական էր։ Բայց հացթուխի լեզուն պապանձվել էր, և այս խորտակեց Մուրադի հույսը։

— Աղջիկդ ընկնավո՞ր է,— արտասանեց նա և լռեց։