Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

IX

Հարվածը նորափեսայի համար անսպասելի էր և անողո: Հազիվ սկսել էր ճաշակել ամուսնական փոխադարձ, խաղաղ և օրինական սիրո հրապույրը, ճակատագիրը քայքայում էր նրա կյանքը։ Նա մտիկ էր անում նորատի կնոջ դեմքին, սեղմված շրթունքներին և կրծքից արձակում ծանր ու երկարատև հառաչանքներ։

Երբեմն նրա սիրտը լցվում էր ատելությամբ դեպի այն էակը, որին ոչ միայն սիրում էր, այլև սկսել էր պաշտել, և որի կենակցությամբ երազում էր ստեղծել ընտանեկան անդորր երջանկություն։ Ինչո՞ւ նրան խաբեց այդ կինը անգթաբար, ինչո՞ւ հավիտյան սևացրեց նրա օրը։

Բայց երկար չէր տևում այդ ատելությունը, անցնում էր Մուրադի սրտի րոպեական գրգիռը և տեղի տալիս անհուն վշտերի ու վշտակցության զգացմանը։

Նա բացարձակ չէր բողոքում ճակատագրի դեմ, որովհետև ամենից առաջ իրան էր համարում մեղավոր։ Նա այն տկարոգի անհատներից չէր, որոնք կյանքի տագնապալի միջոցներին իրանց թշվառության պատճառները միայն և միայն ուրիշներին են վերագրում։ Այնքան քաջություն ուներ՛, որ կարող էր բաց ճակատով կանգնել սեփական խղճի կշտամբանքների դեմ։ Եվ եթե նա ոչ ոքի չէր մեղադրում, միևնույն ժամանակ, ոչ ոքի էլ իրավունք չէր տալիս իր գլխին դատավոր կանգնելու։ Բայց ո՞վ կարող էր նրան այնպես խիստ պատժել, որքան նա ինքը։ Նա խորասուզվել էր ցավերի մեջ և գիշեր-ցերեկ կրծում էր իր սիրտը։ Մի շաբաթ էր անցել այն դժբախտ օրից, և նա դեռ տնից չէր դուրս գալիս։ Թվում էր նրան, որ եթե շուկայում երևա, ամենքը պետք է մատնացույց անեն նրան, ծաղրեն կամ խղճան։ Երբ ավագ եղբայրը խնդրում էր նրան ուշքի գալ և գործերով զբաղվել, նա մի հուսահատ շարժում էր անում ձեռով և ասում.

— Ես գործեր չունիմ. արա՛, ինչ որ ուզո՞ւմ ես։
Այժմ նա, կարծես մոռացել էր ամեն ինչ։ Նա ոչ կանոնավոր
ուտում էր, ոչ հանգստանում. գիշերը մեծ մասամբ