Մուրադը մոտեցավ, պատկառանքով խոնարհվեց և համբուրեց պառավի ձեռը։
— Որդին պարտավոր է,— ասաց նա,— իր ծնողների առաջ խոնարհվել։ Մինչև օրս ես քո կամքին չեմ հակառակվել, ամեն բանում քո ուզածն եմ արել։ Կյանքումս մի անգամ
խոսքդ չկատարեցի, աստված ինձ պատժեց։ Հիմա ուզում եմ պատիժս տանեմ. Թո՛ղ տանեմ, ես արժանի եմ։
— Ուրեմն չե՞ս ուզում ընկնավորից բաժանվել,— գոչեց պառավը, շեշտելով «ընկնավոր» բառը, որպեսզի որդու սիրտը սարսափ ձգի։
— Չեմ ուզում։
— Չե՞ս ուզում չարով բռնվածից, դիվահարից երես դարձնել, ինչպես աստված է նրանից երես դարձրել։
— Չեմ ուզում։
— Կփոշմանես:
— Ինչ որ ճակատիս գրված է, պիտի կատարվի։
Այդ րոպեին Մուրադը բնազդումով երեսը դարձրեց ետ։ Սոնան գլուխը բարձրացրել էր անկողնուց և ականջ էր դնում խոսակցության։ Նրա ճակատը սպիտակ էր, ինչպես թուղթ, աչքերի բիբերն անշարժ մի փոքր դեպի վեր բարձրացած:
Մուրադը խղճաց նրան իր հոգու խորքում։ Այդ վայրկյանին մոռացել էր իր վիշտը և միայն համակվել թշվառ կնոջ ցավով։ Նա զգում էր, որքան տանջվում է այդ երիտասարդ էակը: Բայց միայն սեր և ցավակցության զգացումը չէին, որ ստիպում էին նրան պաշտպանել Սոնային։ Ավելի մեծ դեր էր խաղում ինքնասիրությունը։ Նա ինքն էր ընտրել այդ աղջկանը, պետք է պաշտպանի նրան։
— Ես նրանից չեմ բաժանվիլ,— ասաց նա վճռական եղանակով,— եթե ամենքդ էլ ինձանից բաժանվեք։
Նա անցավ շուտով մյուս սենյակը, դռները հետևից ծածկելով։ Այնտեղ հանդիպեց նրան Սոնայի շնորհակալությամբ, երկյուղով և հույսերով լի հայացքը։
— Կախարդել են որդուս,— աղաղակեց պառավ Զառնիշանը, կախարդել են ու սատանաների ճանկը գցել...