Արտասուքի երկու խոշոր կաթիլներ, նրա վառ աչքերից գլորվելով ցած, կանգ առան արևակեզ այտերի վրա։ Առաջին անգամն էր Սոնան արտասուք տեսնում այդ թշվառի աչքերում։ Եվ ով գիտե, որ ժամանակից այդ կաթիլները չորացել էին, քարացել նրա աչքերի մեջ։ Այժմ կակղեցին և դուրս գլորվեցին։
Բոլոր իր տասնօրյա դառն կսկիծները Մուրադին այդ վայրկյանին թվացին մի խաղալիք, համեմատելով խենթի հոգու խորքում տարիներով տիրող հսկայական վշտի հետ։ Այդ մարդը թշվառացավ նույնպես իր երիտասարդ հասակում, այն ժամանակ, երբ ընտանեկան երջանկություն էր վայելում։ Նրանց ճակատագրի մեջ կար մի նմանություն —այս զգում էր Մուրադը։ Եվ այս նմանությունը երիտասարդի գլխում ծագեցրեց վայրկյանաբար մի միտք։ Արդյոք Մուրադը կունենա՞ր այնքան ուժ, որ Դանելի չափ վիշա կրեր, Դանելի պես խենթանար և հետո Դանելի պես աշխարհի երեսին սիրեր մի մարդկային էակ։
— Ի՞նչ ես ուզում ինձանից, հորեղբայր, ասա՛ , ես ուզածդ կկատարեմ,— գոչեց Մուրադը ոգևորված։
— Երդվիր մեր հոր գերեզմանով,— ասաց խենթը, ամուր սեղմելով նրա ձեռը,— երդվիր մեր հոր գերեզմանով:
— Երդվում եմ։
— Ասա՛, Սոնայիս կսիրեմ մինչև մահ, ասա՛ Մանիշակիս խաթրու, ասա' խեղճ է Դանելը…
— Երդվում եմ, որ Սոնային սիրում եմ ու կսիրեմ մինչև մահ,— արտասանեց Մուրադը հուզված ձայնով և ավելի ու ավելի ոգևորվելով։
Նույն վայրկյանին նա իր թևի վրա զգաց մի ծանրություն։ Այնքան բուռն էր նորահարսի հուզմունքը, որ չկարողացավ դիմանալ խենթի սրտաշարժ համակրանքին, նվազեց և գլուխը հենեց իր ամուսնու թևին։ Մուրադը գրկեց նրան, օգնեց վերադառնալու սենյակ և նստեցրեց անկյունում դրած սնդուկի վրա։
Խենթը նայում էր դեպի դուրս։ Նա գավազանը վերցրեց պատի տակից և, սպառնական ձևով շարժելով օդի մեջ, քայլերն ուղղեց դեպի փողոց։ Բակի մի անկյունում կանգնած