Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Մուրադի մայրը, եղբայրն ու եղբոր կինը. զարմացած և ուշադրությամբ նայում էին տարօրինակ տեսարանին։ երբ խենթն արագ քայլերով անցավ նրանց մոտով, պառավ Զառնիշանը մոտեցավ Մուրադի սենյակին։

— Թողեք տեսնեմ, գիժը գժի հետ խոսք խոսքի տված ուզում են բալիս էլ խելքից հանեն,— ասաց նա, մտնելով որդու սենյակը։

Նրա դեմքն արտահայտում էր վճռողականության։ Պարզ էր, որ այս անգամ նա մտադիր էր իր վերջնական խոսքն ասել որդուն։

— Ի՞նչ գործ ուներ այստեղ գիժը,— գոչեց դառնալով Մուրադին։

— Հորեղբայրս է, հյուր էր եկել։

— Ի՞նչ էր խոսում այնքան երկար։

— Օրհնում էր մեզ։

— Հացթուխն էր ուղարկել նրան։ Ցույց տուր, տեսնեմ, ի՞նչ կապոց տվեց կնոջդ։

— Սուրբ Նշանի գերեզմանի հողից է։

— Սուտ ես ասում, գայլի բերան է կամ սև կատվի ոտի պճեղ կամ ագռավի աչք, ջադու է։

Որպեսզի պառավը երկար չվիճի, Մուրադը վերցրեց Սոնայից խենթի բերած կապոցը, բաց արեց և ցույց տվեց մորը սև հողը։ Պառավը խլեց նրանից կապոցը և դրեց իր ծոցը։

— Եթե սրբերն ուզենային դիվահար կնոջդ օգնել, —ասաց նա,— մինչև հիմա օգնած կլինեին։ Հերի՛ք է, էլ ես չեմ թողնիլ, որ դու սատանաների ճանկերում մնաս։ Մտիկ արա հայելուն, ինքդ քեզ չես ճանաչիլ, լղարել ես, դեղներ. աչքերդ փոսերի մեջ են ընկել։ Չես ուտում, չես խմում, գիշերները քուն չունիս, դիվահարի պես երկար ման ես գալիս։ Սև լիներ այն օրը, որ այդ չարը իմ տունը ոտ դրեց. սևացրե՛ց մեր օրը։ Թոռներս հիվանդացել են, մեծ որդիս ախ ու վախով է օրերն անցկացնում. մեծ հարսս վախեր գիշերները տասն անգամ տեղից վեր է թռչում։ Իմ գլխեն խելք չի մնացել, քունն աչքերիցս փախել է։ Երեք օր է, խելք խելքի տված, մտածում ենք, ուրիշ ճար չենք գտնում։