նայում էր ներս, խույս տալով տնեցիների հայացքից, և գավազանը սպառնական ձևով օդի մեջ պտտեցնելով, հեռանում էր։ Պատահում էր, որ պառավ Զառնիշանը կամ Գյուլնազը նկատում էին պատշգամբի վրա, բակում կամ փողոցի զրոների առջև մի կապույտ շապիկ, որ մի վայրկյան փայլում էր և իսկույն չքանում։ Նրա հոգին տիրում էր ամբողջ տան վրա։ Բոլորն և ամեն րոպե զգում էին նրա ներկայությունը, միևնույն է, այնտեղ էր նա, թե ոչ։ Ամենից ավելի զգում էր Սոնան։ Նրան թվում էր, որ իր գլխին հավաքվում են սև ամպեր, և խենթի ոգին ճգնում էր մի սոսկալի որոտման առաջն առնել։
Այդ սև ամպերը նա տեսնում էր Գյուլնազի չարախինդ աչքերի մեջ և Զառնիշանի հողագույն դեմքի վրա։ Պառավը տենդային հուզման մեջ էր։ Այն օրից, երբ Մուրադը դրականապես մերժեց բաժանվել կնոջից, նա սկսեց ամեն միջոց գործ դնել իր որդուն «չարից» փրկելու։ Սոնայի աչքից խույս չէին տալիս այդ միջոցներից և ոչ մինը։ Նա տեսնում էր Զառնիշանին չոքած, կուրծքը ծեծելիս և աղոթելիս. լսում էր նրա անեծքներն իր դեմ և շրթունքները ներքին կսկծից ամուր կրծոտում էր։ Նա գիտեր, որ իր սկեսուրը ոչ մի միջոց չպիտի խնայի իր տան մեջ բան դրած «դևից» ազատվելու համար և երբեմն խղճում էր պառավին։
Բոլոր սրբերին աղոթելուց, բոլոր հմայիչներին դիմելուց հետո, մնում էր մի պառավ պարսկուհի, որ բնակվում էր քաղաքի ետ ընկած թաղերից մեկում։ Զառնիշանն մի օր այցելեց նրան և խնդրեց օգնել իր որդուն։ Պարսկուհին մի մեծ գավաթ ջրի վրա հմայեց և ասաց, որ պետք է անձամբ տեսնի Մուրադին։
Մյուս օրը Զառնիշանն ընդունեց հմայիչին իր տանը։ Սոնան տեսավ պարսկուհուն և իսկույն հասկացավ, ինչու համար է կանչված։ Հմայիչը դիտեց Մուրադին ոտից մինչև գլուխ, հետո խոսեց Սոնայի հետ։ Նրան ուղղակի ոչ ոք չէր ասել, թե նորահարսը ընկնավոր է, ասել էին միայն, թե նա է Մուրադի «հիվանդության» պատճառը։
Մի շարք կողմնակի հարցեր տալուց հետո, պարսկուհին հայտնեց, թե նորապսակները չար աչքի են ենթարկված