Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակը նրա աչքերից չէր հեռանում: Նա միշտ փիլթսոփայորեն կրկնում էր.

- Վա՜յ այն մարդուն, որ իր ցավերը ներսումն է պահում...

X

Դժբախտ օրից հետո հացթուխը մի երկու անգամ փորձեց իր աղջկանը տեսնել, խնամիները դռներից ետ դարձրին նրան։ Այնուհետև նա այլևս չէր գնում աղջկա մոտ։ Իսկ պայտագործը վաղուց արդեն դադարել էր այցելել Սոնային։ Եվ կարիք էլ չէր զգում, քանի որ ամեն օր շուկայում տեսնվում էր իր փեսայի հետ։ Մուրադը քաղաքավարի կերպով իր աներոջ ափի մեջ գրեթե ամեն անգամ սեղմում էր մի թղթադրամ, իսկ պայտագործը կրկնում էր.

- Մինչև եղբորիցդ չբաժանվես, երեսս տանդ չես տեսնիլ:

Այժմ, երբ Մուրադը շուկայում չէր երևում, Ոսկանի տրամադրությունը շատ վատ էր։

- Այնքան աղջկաս չեմ ուզում տեսնել, ինչքան փեսայիս,- ասում էր նա վրդովված։

Եթե համոզված լիներ, որ Մուրադը չի վռնդիլ, անհապաղ կվազեր նրա մոտ սովորական տուրքը ստանալու հույսով։ Բայց չկար մեկը, որ նրան ասեր, թե կարելի է Մուրադի հետ տեսնվել։ Նա փորձեց դիմել գիժ-Դանելի միջնորդությանը, բայց խենթը բարկացավ և երեսը դարձրեց նրանից։

Ամեն օր Դանելը շտապով գալիս էր հացթուխի մոտ, շշնջում էր նրա հետ և շտապով հեռանում։ Կարծես, նա այժմ չարաչար զբաղված էր մի շատ կարևոր և անհետաձգելի գործով։ Նա գնում էր Սոնայի մոտ ժամանակ-անժամանակ։ Շատ անգամ նորահարսի հետ էր տեսնվում և ոչ էլ Մուրադի հետ էր խոսում։ Մտնում էր բակը, անցնում էր այս ու այն կողմ, նայում էր այս ու այն անկյունը և իսկույն անհետանում, որպեսզի նորից երևա անսպասելի կերպով։ Երբեմն մոտենում էր այս կամ այն լուսամուտին,