Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոնայի մասին։ Պառավը զգում էր, որ շատերը թեև արտաքուստ ցավակցություն են ցույց տալիս, ներքուստ ուրախ են նրա դժբախտությանը։ Այդ ավելի գրգռում էր նրան և ավելի նրա սիրտը լեցնում ատելությամբ դեպի Սոնան։

Գյուլնազին առանձնապես կատաղեցնում էր Սոնայի դեմքը։ Այդ դեմքը տակավին փայլում էր գեղեցկությամբ, թեև օր-օրի վրա նրա կենսականությունը պակասում էր, սքողվելով թմրության թանձր ստվերով։

Այժմ կախարդ-պարսկուհին հաճախ երևում էր Զառնիշանի տանը։ Հարս ու սկեսուր միշտ խորհրդակցում էին նրա հետ։ Պարսկուհու գործ դրած միջոցները չէին օգնում։ Մուրադը քանի գնում՝ այնքան լռակյաց, անմատչելի և մռայլ էր դառնում և այնքան նիհարում։

— Որդիս կայծակ խփած ծառի պես ոտի վրա չորանում է,— ասում էր Զառնիշանը պարսկուհուն, ձեռները կրծքին խփելով,— ազատի՛ր նրան։

Չորս ամսվա ընթացքում Սոնան վեց անգամ ուշաթափվեց։ «Հարվածները» քանի գնում՝ այնքան շուտ-շուտ էին կրկնվում, միևնույն ժամանակ այնքան թուլանում էին։ Այլևս ընկնավորն առաջվա պես սաստիկ չէր խրխռում, չէր թավալվում և ոչ էլ այնքան երկար միջոց ընկած մնում։ Ախտը հաճախ կրկնվելով, նվազում էր առանձին հարվածների ուժը։ Բայց ընկնավորի մարմնի թուլությունը, դեմքի դեղնությունը, աչքերի ապշությունը քանի գնում՝ այնքան ավելանում էին։ Նա օրից-օր դառնում էր մտամոլոր, մոռացկոտ, անտարբեր։ Շատ անգամ մի սենյակից մյուսը մի բանի համար գնալիս մոռանում էր, թե ինչու համար էր գնում։ Կանգ էր առնում և ապշած աջ ու ձախ նայում։ Երբեմն ձեռին բռնած իրերը դուրս էին սլկվում և ընկնում։ Գրեթե օր չէր անցնում, որ մի աման չկոտրեր։ Մի անգամ խոհանոցից դուրս գալիս, ձեռներից բաց թողեց մի ամբողջ տասնյակ ափսեներ և փշրտեց։ Մի ուրիշ անգամ բաց թողեց նավթով լի կանթեղը։ Ապակին կոտրվեց, նավթը, տարածվելով հատակի վրա, ապականեց թանկագին պարսկական գորգը։ Զառնիշանը այնպես կատաղեց, որ նորահարսի