Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանկարծ նրա բիբերը սկսեցին արագ-արագ պտտել շրջանակների մեջ, և մի տեսակ ինքնամոռացության մեջ, մատներով խեղդելով իր կոկորդը, արտասանեց.

— Այսպես, այսպես, պրծա, վյաս սալամ, շյուդ թամամ…

Զառնիշանը և Գյուլնազը նայեցին միմյանց աչքերին ու գունատվեցին։ Կախարդուհու գնալուց հետո նրանք երկար ժամանակ խորհրդակցեցին։ Հայտնվեց, որ պարսկուհու խորհրդավոր ձևերի և խոսքերի իմաստը երկուսն էլ միատեսակ են հասկացել…

Օրերն անցնում էին, ընտանիքի դրությունը ավելի ու ավելի անտանելի էր դառնում։ Կարապետը հուսահատված էր, գործերը քայքայվում էին։ Ձմեռվա սկզբին բկացավից մեռավ նրա երկու տարեկան աղջիկը, իսկ մեծ որդին ծանր հիվանդությունից հազիվ առողջացավ։ Զառնիշանը և Գյուլնազը այս բոլորի պատճառը Սոնային էին համարում։ Նա, միայն նա բերեց նրանց տուն այդ թշվառությունները։ Նա պետք է տակն ու վրա անի ամբողջ օջախը, կոտորի ընտանիքի բոլոր անդամներին։

—Երազ տեսա, չար երազ,- աղաղակեց մի առավոտ Զառնիշանը, անկողնից վեր թռչելով։

- Սայլերով սուրբ էինք գնում։ Մուրադը նստած էր դեղին ձի։ Նրանց առջև դուրս եկան հազարավոր սև կատուներ։ Մուրադը մտրակով կռվում էր նրանց հետ։ Հանկարծ կատուներից մեկը մարդու պես բռնեց նրա կոկորդից և սկսեց խեղդել։ Մուրադի բերանից փրփուր էր գալիս, երեսը կապտել էր։

—Դեղին ձին նրա կնիկն է, սև կատուները դևերն են, որդուս ազատեցե՛ք,- գոչեց պառավը, ավարտելով իր պատմությունը։

Դեկտեմբերի ցուրտ օրերից մեկն էր։ Մոտակա ձյունապատ լեռներից փչում էր շունչ կտրող սուր քամի։ Կարապետը և Մուրադը շուկայումն էին։ Գյուլնազի զավակները գնացել էին իրանց հորաքրոջ - Նարգիզի տուն նրա երեխաների հետ խաղալու։

Զառնիշանը և Գյուլնազը նստած էին մեջտեղի ընդհանուր