սենյակում, որ «դահլիճ» էր անվանվում: Պառավը քրսինի վրա քառասուներկու սիսեռներով հմայում էր, հարկավ, Մուրադի մասին։ Գյուլնազը կար էր անում։ Երկուսի էլ դեմքերը մտազբաղ էին, երկուսն էլ միևնույն մտքով էին զբաղված, այն է - ի՞նչպես ընտանիքն ազատել չարից:
Ներս մտավ կախարդ պարսկուհին, մի ծուռ փայտի վրա հենվելով և ցրտից դողդողալով։ Նա բարևեց և անմիջապես նստեց քրսինի մոտ։
— Սա ինչ պաղ է,- ասաց նա, երբ իր սառած ոտները մտցրեց քրսինի տակ։
- Ասա անունը կտրվածին, կրակ դնի,- դարձավ Զառնիշանը Գյուլնազին։
«Անունը կտրված» նա կոչում էր Սոնային։ Մինչև նորահարսը դրսում քրսինի համար նոր կրակ էր վառում, Զառնիշանը, Գյուլնազը և պարսկուհին խոսում էին նրա վերաբերմամբ։ Այսօր երեքի աչքերն էլ արտահայտում էին մի առանձին չարություն։ Թե ինչ խոսեցին - այդ մնաց գաղտնիք։ Բայց թե մի բան վճռել էին, այդ գուշակեց նրանց դեմքերից Սոնան, հենց առաջին վայրկյան, երբ ներս մտավ։
Նա ձեռին բռնած էր մի մեծ երկաթի ածխակալ, որ լիքն էր վառ ածուխով։ Թեժ կրակի կապույտ լեզվակները բարձրանում էին վառ ածուխից, միմյանց շփվելով և միմյանց կլանելով։ Խոշոր կայծերը ճարճատելով ցնդվում էին օդի մեջ, հանգչում և սև բծերի պես ընկնում հատակի վրա։
—Կրակը լավ չի վառված,— ասաց Զառնիշանը Սոնային. գլուխներս կբռնի։
Սոնան երեսը ետ դարձրեց, որ կրակը դուրս տանի նորից փչելու…
— Լա՛վ, չի ուզիլ, ցրտից փետացանք, ածա՛, ինչ կլինի, թող լինի…
Սոնան վերադարձավ, մեջքից թեքվեց, բարձրացրեց քրսինի վրա ձգած կապերտն ու վերմակը և կրակն ածեց քրսինի տակ, ուղիղ կենտրոնում փորված մի ձմերուկի չափ փոսի մեջ։ Զառնիշանը զգաց թեժ կրակի տաքությունը, ոտները