Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

I

Առավոտյան տասն ու մեկ ժամն էր։ Այրի Նատալիան զգուշությամբ բաց արավ յուր երիտասարդ կենողի սենյակի դռներն և հարցրեց.

— Պարոն Ռոստամյան, սուրճ կկամենա՞ք անուշ անել։

— Ուղարկեցեք մի բաժակ,— ասաց Ռոստամյանը, որ սեղանի մոտ նստած, զբաղված էր գրությամբ։

Այրին դռները ծածկեց և մի րոպեից հետո կրկին երևեցավ, երկու ձեռներով բռնած մի մատուցարան, որի վրա դրած էին մի բաժակ սուրճ և մի բուռ քաղցր պաքսիմատ։

— Այսօր ես եմ եփել. Պետրեն միշտ փչացնում է,— ասաց նա, և բաժակը վերցնելով, հանդիսավոր կերպով դրեց Ռոստամյանի առջև։

Մինչև բաժակն դատարկելն այրին, նստած յուր կենողի դեմ ու դեմ, նայում էր նրա երեսին։

— Հավանեցի՞ք,— հարցրեց նա, երբ Ռոստամյանը շտապով խմեց սուրճն ու վերջացրեց։

— Շնորհակալ եմ, շատ լավն է, — պատասխանեց վերջինն և գրիչը վերցրեց։

Մի քանի րոպե, դատարկ բաժակը ձեռին, այրի Նատալիան անշարժ կանգնած էր և մտիկ էր անում յուր երիտասարդ կենողին։ Վերջինը, կարծես մոռացած նրա ներկայությունը, գյուխը քաշ, մերթ գրում էր, մերթ մտածում։

— Ստեփան Գրիգորիչ,— արտասանեց այրին, բաժակը դնելով սեղանի ծայրին և ինքը նորից տեղավորվելով աթոռներից մեկի վրա։