Ռոստամյանը գլուխը բարձրացրեց և նայեց այրիի երեսին։
— Ստեփան Գրիգորիչ, բավական է, ասում եմ ձեզ, բավական է, մեղք եք, աստված վկա մեղք եք, Ես չեմ ասում, թե մի գրեք ու կարդաք, է՛հ, ինչքան ուզում եք պարապեցեք, բայց մի քիչ էլ ձեր առողջության մասին հոգացեք։ ՉԷ՛, որդի, այդպիսով դուք վերջը ձեր սիրտը կմաշեք. ես ձեզ սիրելուց եմ ասում։ Ա՛յ, այդպես էր, իսկ և իսկ այդպես էր իմ Գիգոլն էլ, բայց վերջն ի՛նչ եղավ… Ախ, Գիգո՜լ, Գիգո՜լ…
Այրիի դեմքն արտահայտեց խորին դառնություն, աչքերի մեջ փայլեցին արտասուքի կաթիլներ։ Ռոստամյանը լուռ տհաճությամբ լսում էր նրա խոսքերը։
Երկարատև նստակեցությունը, ծանր մտավոր աշխատությունը, ձմեռային անքուն գիշերները միևնույն սեղանի քով, միևնույն գործով — երեսնամյա երիտասարդի դեմքի վրա դրոշմել էին ծերության առաջին կնիքը։ Նրա երեսի թուխ կաշին տեղ-տեղ — աչքերի ներքո, միշտ սեղմված բերանի անկյուններում — նշմարելի կերպով կնճռվել էին։ Իսկ ուղղագիծ, սակավ ինչ սրածայր քթի կողմերից սկսած դեպի վայր գծավորվել էին երկու խորշեր, իբրև տոկուն աշխատության և մտքերի հարատև լարման ապացույց։ Այս էր, որ մելամաղձային արտահայտություն էր տալիս նրա դեմքին։ Բայց արտաքուստ վաղաժամ թառամած երիտասարդի խոշոր մուգ-շագանակագույն աչքերի մեջ փայլում էր մի տեսակ մանկական անմեղություն, որ մանավանդ գրավիչ էր, երբ նա ժպտում էր կամ ծիծաղում։ Մարմնապես տակավին նա առողջ էր զգում իրան։ Աշխատում էր որպես լարված մի մեքենա։ Օրվա մեջ տասն ու չորս ժամ պարապելը նրա համար սովորական էր, իսկ ձմեռը — երբեմն ավելի։
Այրի Նատալիան ակնհայտ փաստերով հաստատում էր, թե երիտասարդը չպիտի այդ տեսակ կյանք վարի, թե «մարդ մի անգամ է ծնվում, ոչ թե երկու անգամ», թե հարկավոր է, որ նա աշխարհի զվարճությունների մասին էլ մտածի։ Եվ բարեսիրտ կինն ուղիղ չորս տարի էր, որ այսպես խրատում