Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմում էր վերին հարկի երկրորդ կեսը։ Ուստի նրա պարապությունը բավական դժվարացնում էր այրիի ապրուստը։

Ռոստամյանն անծանոթներին առաջնորդեց դեպի վարձվելի բնակարանը։

— Խոնավ չէ՞,— հարցրեց ծերունին, առաջին սենյակ մտնելով և, ինչպես սովորաբար լինում է, առաջին հայացքն առաստաղին ձգելով։

— Ամենևին ոչ։

Երիտասարդ կինը շտապով մոտեցավ այս ու այն լուսամուտին, նայեց դեպի փողոց։ Դա մոտ քսան ու հինգ տարոք, ավելի բարձր, քան միջահասակ, դեմքի կանոնավոր գծագրությամբ, առողջ կազմվածքով մի էակ էր։ Տիկին էր նա, թե օրիորդ — Ռոստամյանը չկարողացավ որոշել։ Նույն վայրկյանին, երբ երիտասարդ կինն երեսը դարձրեց դեպի ծերունին, Ռոստամյանի հայացքը հանդիպեց նրա աչքերին, և նա, որ ամոթխած էր, անվստահ, մինչև անգամ երկչոտ կանանց վերաբերմամբ շփոթված, աչքերը դարձրեց մյուս կողմ։

Ծերունին անցավ մյուս սենյակները։ Երիտասարդ կինը հետևեց նրան։

Առաջինն ուշադրությամբ զննում էր բնակարանի ամեն մի սենյակն և երբեմն ֆրանսերեն լեզվով յուր նկատողությունները հաղորդում էր երիտասարդ կնոջը։

— Խոհանոց ունի,— հարցրեց նա։

— Ունի։

— Մաքո՞ւր է։

— Տեսե՛ք։

Երբ խոհանոցը, պատշգամբը, գավիթը, ամեն ինչ ծերունին տեսավ և չորս սենյակները մի անգամ ևս զննեց, դարձավ երիտասարդ կնոջն և ասաց·

— Հարմար է։

Խոսեցին գնի մասին։ Ծերունին նորից սկսեց խորհրդակցել երիտասարդ կնոջ հետ։

Այդ միջոցին Ռոստամյանն ուշադրությամբ սկսեց դիտել նրան։ Ոչ մեկն և ոչ մյուսն յուր արտաքին տեսքով թիֆլիսեցու նման չէր։ Պարզ էր, որ եկվորներ էին։ Նրանց դեմքերի