գծագրությունն և գույնը հայկական էին, թեև խոսում էին Ռոստամյանի հետ մաքուր ռուսերենով, մանավանդ երիտասարդ կինը։ Տեղ-տեղ ծերունու արտասանությունը շեղվում էր բուն ռուսականից, հիշեցնելով հյուսիսային Կովկասի հայերին հատուկ արտասանությունը։ Բայց հետաքրքրելին այս չէր Ռոստամյանի համար։ Հենց առաջին հայացքից նա երիտասարդ կնոջ խոշոր, պարզագույն աչքերի մեջ նկատել էր մի խորին թախիծ։ Այդ ոչ խոնջության նշան էր, ոչ և անցողիկ մի դառնություն. ինչ որ ծանր մտախոհության կամ հոգեկան մի անբաժան վշտի արտահայտություն էր այն, որ նշմարվում էր երիտասարդ կնոջ դեմքի բոլոր գծերի մեջ։
Ծերունին, խորհրդակցելու միջոցին, անկնածությամբ մտիկ էր անում նրան և թվում էր երբեմն, որ նա չի համարձակվում ուղիղ նրա տխուր աչքերի մեջ նայել։
Երիտասարդ կինը խոսում էր հոգնակի դեմքով, իսկ ծերունին — եզակի։
«Երևի հայր ու դուստր են»,— մտածեց Ռոստամյանը, միևնույն ժամանակ նկատելով այդ կանացի և այդ այրական դեմքերի մեջ արյունակիցների նմանություն, որ տարիների և սեռերի տարբերությունը չէր քողարկում փոքր ի շատե դիտող աչքերից։
— Ահա ձեր կանխավճարը,— ասաց ծերունին, մի հատ տասը ռուբլիանոց թղթադրամ տալով Ռոստամյանին,— մենք կտեղափոխվենք վաղը։
— Բայց, ասացե՛ք խնդրեմ,— խոսեց այս անգամ երիտասարդ կինը, մի ուշադիր հայացք ձգելով Ռոստամյանի վրա,— այս զավթում կամ հարևանության մեջ աղմուկ լինո՞ւմ է։
— Այդ կողմից կարող եմ երաշխավոր լինել, որ ոչ ոք ձեզ չի անհանգստացնիլ։
— Գիտեք, իմ աղջիկն աղմուկ չի սիրում,— մեջ մտավ ծերունին,— այս պատճառով էլ մենք քաղաքի կենտրոնում չենք վարձում բնակարան։
— Երևի նորեկներ եք դուք,— ասաց Ռոստամյանը
— Այո, այո, մի ամիս չկա, որ եկել ենք Ռուսիայից։