Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռներին։ Նա մոտեցավ լուսամուտին, նայեց դեպի դուրս։ Ոչինչ չկար. տիրում էր մի այնպիսի խավար, որ դիմացի բնակարանի ուրվագիծը հազիվ-հազ նշմարվում էր։ Սաստիկ անձրև էր գալիս։

Առավոտը նա զարթնեց ավելի վաղ, քան երբևիցե զարթնել էր վերջին տարիները։ Նրա սիրտը լեցված էր անորոշ թախծությամբ։ Ցավում էր նա, որ ամբողջ երեկոն անցուցել էր անօգուտ։ Տրտմությամբ նա թերթեց յուր գրած ու ջնջած էջերը. հազիվ-հազ մնացել էին մի քանի չջնջված տողեր։

Այն օրը Ռոստամյանը պիտի գնար յուր պաշտոնակիցներից մեկի մոտ մի քանի կարևոր տեղեկություններ վերցնելու յուր աշխատության համար։ Օրն ամպամած էր, թեթև անձրև էր շաղում, իսկ գիշերային հորդառատ հեղեղից փողոցներում գոյացել էր անանցանելի ցեխ։ Այն փողոցն, ուր գտնվում էր այրի Նատալիայի տունը, բավական նեղ էր, բարձրադիր, մայթերը զառիվայր, իսկ սալահատակը տեղ-տեղ քանդված։ Անձրևային եղանակին այդ փողոցով ոտքով անցնելն ուներ յուր անհարմարությունը. սլկուն ցեխի մեջ մարդ ստեպ սայթաքում էր և երբեմն ընկնում։ Իսկ Նատալիա Պետրովնայի տունը գտնվում էր փողոցի վերին անկյունում։

Ռոստամյանը փողոցներում սովորաբար քայլում էր շտապ-շտապ, գլուխը քաշ գցած, ձեռները վերարկվի գրպաններում դրած, և շատ անգամ չէր նկատում յուր մոտով անցնողներին։ Արդեն ճաշի ժամանակն էր, երբ նա, մի մեծ մատյան ձեռին, վերադառնում էր տուն։ Փողոցի անկյունից դեպի վեր բարձրանալիս, հանկարծ նա դիպավ մեկին։ Նա գլուխը բարձրացրեց, որ ներումն խնդրի, և երես առ երես հանդիպեց յուր նոր հարևանին։

- Ոչինչ,- ասաց ծերունին,- մեղավորը ձեր քաղաքային վարչությունն է, որ փողոցները լավ չի պահում։ Ես միշտ ասել եմ, որ Թիֆլիսը դեռ Ասիա է։

Ռոստամյանն հետևից, ծերունին առջևից - մի քանի րոպե ընթանում էին միասին։ Մինաս Կիրիլլիչը հագած էր մեծ և խորը կրկնակոշիկներ, լայն մուշտակ մշկյա բեշկի օձիքով։ Մի ձեռքով նա գլխին բռնած էր մի մեծ հովանի,