Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ չափից դուրս գովել եք նրանց մոտ-ես ձեզ չեմ հավատում։

— Ո՛չ նրանք են իմ ազգականները, ո՛չ էլ դուք, պարոն Ռոստամյան, ինչո՞ւ համար պիտի ավելորդ գովեմ. Հը՞մ։ Խոմ դուք լեզվիս վարձ չեք տալիս։ Իմ ուզածն էլ այն է, որ դուք, վերջապես ձեզ համար մի սիրուն աղջիկ գտնեք ու մարդավարի ապրեք այս աշխարհում, պրծավ գնա՜ց։ Վարվառա Մինաևնային ես շատ եմ հավանում… Փող էլ պիտի որ ունենա, հայրը կապալառու է եղել. մեծ-մեծ գործեր է ունեցել։ Պսակվեցե՛ք, Ստեփան Գրիգորիչ. ես կդառնամ ձեզ համար մայր, դուք էլ որդի։ Խիստ լավ կլինի, աստված վկա. այ, իմ երկու սենյակները կմիացնեմ նրանց բնակարանի հետ, մեջտեղից դուռը բաց անել կտամ, ես կտեղափոխվեմ ձեր սենյակներն, իսկ դուք այնտեղ կբնակվեք։ Լավ չե՞մ ասում, Ստեփան Գրիգորիչ. հը՛մ, ո՞նց եք հավանում ասածս։

Ռոստամյանը լուռ ժպտաց, իբր թե Նատալիայի առաջարկությունը կատակ համարելով։

Այրին գնալուց հետո, Ռոստամյանը նստեց, որ պարապի։ Բայց հակառակ սովորությանը, այս անգամ չկարողացավ ընտելանալ գործին։ Գրում էր ու ջնջում շարունակ, և երկար ժամանակ չէր հաջողվում նրան գտնել յուր մտքերի թելը։ Նրա ականջներին դեռ հնչոմ էր երիտասարդ կնոջ տխուր մեղեդին, իսկ աչքերի առջևից չէր հեռանում նրա պատկերը, որ այնպիսի հետաքրքրությամբ լուսամուտից մտիկ էր անում։

Ո՞վ է նա, ի՞նչ տեսակ կին։ Ինչո՞ւ հայր ու աղջիկ, իրանց հայրենիքը թողած, եկել են, Թիֆլիսումն են բնակվում և, վերջապես ո՞րն է նրանց հայրենի քաղաքը։ Արդյոք, Մինաս Կիրիլլիչը բախտախնդիր թափառականներից մեկը չէ՞, արդյոք այդ երիտասարդ կինը նրա աղջի՞կն է իսկապես։

Նույն գիշեր պես-պես քաղցր, սակայն հոգետանջ երազներ, իրարու հաջորդելով, ընդհատում էին նրա սովորական անդորր քունը։ Հայտնի չէր որ ժամին, մի անգամ նա հանկարծ զարթնեց, այնպես թվաց նրան, որ մեկը զարկում է