Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծամասնության։ Միացնել յուր երիտասարդ կենողի վիճակը որևէ մի օրիորդի հետ - նա վաղուց էր մտադիր։ Շատ մայրեր այս մասին նրան բացորոշ ակնարկություններ էին անում։ Բայց Ռոստամյանի համառ մենասիրությունը բոլորովին զինաթափ էր անում այրի Նատալիա Պետրովնային։ Այս պատճառով, ճարահատված, նա հետաքրքրվող և անհամբեր մայրերին պատասխանում էր.

— Իմ կենողն ուզում է, որ վարդապետ օծվի. ձեռք վերցրեք նրանից, քա՛:

III

Նատալիա Պետրովնայի հյուրասենյակը լուսավորված էր մի բարձր և գեղեցիկ կանթեղով։ Այդ կանթեղն այրին վառում էր միմիայն այն երեկոները, երբ հյուրեր պիտի ընդուներ։

Ռոստամյանը նստած էր սենյակի անկյունում դրած գահավորակի մի ծայրում և ձեռներով խաղում էր սեղանի գույնզգույն ասեղնագործ սփռոցի ծոփերի հետ։ Գահավորակի մյուս ծայրում նստած էր այրին և հյուսում էր յուր անբաժան գուլպան։ Դեմ ու դեմ փափուկ բազկաթոռի մեջ խրված էր մի փոքրահասակ, սև աչքունքով, բավական գեղեցիկ երիտասարդ կին։ Դա այրիի դուստրն էր … Կատոն։ Տիկինը հագած էր նուրբ հյուսված, ալիքավոր ժապավեններով զարդարված մետաքսյա հագուստ։ Կարելի էր կարծել, որ նա պճնվել է մի փառավոր հանդիսի համար, եթե նրա մինչև արմունկները հասնող երկայնավիզ կինեմոնագույն ձեռնոցներն ավելի թարմ լինեին։ Նա պատմում էր յուր մորը կանացի հագուստի ինչ որ նոր ձևերի մասին, որ Թիֆլիսում ստացվել էին գարնան համար։

Նախասենյակից լսվեց Մինաս Կիրիլլիչի ձայնը։ Այրին շտապեց հյուրերին դիմավորելու։

Ներս մտավ նախ աղջիկն և ապա, ծանր քայլերով, հայրը։ Վարվառեն առանց գլխարկի էր։ Պարզ գույնի փայլուն, խիտ. ծայրերը փոքր ինչ խոպոպ մազերը, մի հասարակ մետաղյա հերակալով ժողովված, հանգչում էին կանոնակազմ