«Խիստ է կոտրատվում»,- ասաց յուր մտքում Կատոն և կարմիր հեղուկը համարձակ մոտեցրեց շրթունքներին։
- Իսկ դո՞ւք,- դիմեց այրին Ռոստամյանին, որ նույնպես հրաժարվում էր խմելուց,- լաա՜վ, երիտասարդ մարդ եք, վերցրե՛ք, ամոթ է…
- Մի բաժակը մեզ խելքից չի հանիլ,- ասաց ծերունին և, յուր բաժակը զարկելով Ռոստամյանի բաժակին, ավելացրեց.-խմենք ազնիվ ու բարի մարդկանց կենացն, ո՛ր երկրացի որ են նրանք։
Շնորհիվ Նատալիա Պետրովնայի հաջող և պարզ վարվողության, հյուրերը սկսեցին զվարճանալ - նույնիսկ Կատոն, որ, գեթ ակամա ուրախությամբ և ծիծաղով, ուզում էր նսեմացնել Վարվառեին։
— Ամենից ավելի խոսում էր Մինաս Կիրիլլիչը։ Խոսում էր նա ոգևորված, անցնելով մի առարկայից դեպի մյուսը, քաղաքային հարցից - դեպի քաղաքականը, մասնավորից-հասարակականը։ Նա միջոց չէր տալիս Ռոստոմյանին յուր մի հարցին պատասխանելու, առաջարկում էր մյուսն և բոլորին պատասխանում էր ինքը։ Նրա խոսակցությունից երևում էր, որ, բացի օտար երկրներից, նա ճանապարհորդել է և՛ Կովկասում, տեսել է շատ քաղաքներ։ Խոսում էր Անդրկովկասյան ազգերի մասին։ Վայրենիներ են բոլորը, Մինաս Կիրիլլիչի կարծիքով, նողայներից և թունգուզներից հեռու չեն գնացել իրանց քաղաքակրթությամբ։ Առանձնապես նա պախարակում էր յուր համազգիներին. թշնամի էր մանավանդ հոգևորականության։
— Բացի երկուսից,- դարձավ նա Ռոստամյանին, որը թեև նայում էր ծերունու երեսին, բայց լսողությունը լարած էր դեպի Վարվառեի, այրիի և Կատոյի առանձին խոսակ ցությունը,- բացի երկուսից։
Մինաս Կիրիլլիչը մի քանի օրինակներ ևս բերեց Հաշտարխանի, Մոզդոկի, Մոսկվայի, Պետերբուրգի քահանաների կյանքից. տգետ են, օտարների առջև իրանց չեն կարողանում լավ ցույց տալ։ Հետո նա անցավ վաճառականներին. փաստերով ապացուցեց նրանց խարդախությունները։ Հետո անցավ այլ և այլ դասակարգերին…