Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի վերջո, նա յուր դատողությունները կնքեց հետևյալ եզրակացությամբ։

—Ես շատ երկրներ եմ տեսել, շատ ազգերի հետ եմ գործ ունեցել, բայց հայերի պես համառ ժողովուրդ ոչ մի տեղ չեմ տեսել։ Ոչ, ոչ, պարոն Ռոստամյան, զուր եք հակառակում, ես շատ եմ փորձել, շա՜տ։

Այդ միջոցին Վարվառեն նստած էր յուր հոր դեմ ու դեմ։ Ռոստամյանը մի կողմից լսում էր ծերունուն, մյուս կողմից,մտիկ էր անում դեպի աղջիկը: Նա նկատեց, որ ծերունին վերջին թունավոր խոսքերը արտասանելիս, Վարվառեն գաղտնի հանդիմանությամբ նայեց հոր երեսին։ Կարծես,նա լուռ նշանով խնդրում էր ծերունուն, որ չշարունակի։ Երբ երիտասարդ կինը ժպտում էր, նրա ժպիտը թվում էր ակամա, բռնադատյալ։ Երբ լռում էր, նրա պայծառ ճակատը մթնում էր մի մռայլ գծով և բերանի անկյուններում երևում էին բարակ խորշեր։

—Սո՞ւտ եմ ասում, Նատալիա Պետրովնա,-դարձավ Մինաս Կիրիլլիչը այրիին, տեսնելով, որ Ռոստամյանն յուր հայտնած մտքերին բացարձակ հավանություն չի տալիս։

—Ճշմարիտ եք ասում, Մինաս Կիրիլլիչ, իմ արևը, շատ ճշմարիտ եք ասում, - վավերացրեց Նատալիա Պետրովնան, որ աշխատում էր ոչ մի կերպ չհակառակել ոգևորված ծերունուն։

Վերջինն ավելի խրախուսվեց և սկսեց խստությամբ մտրակել յուր ազգակիցների վատ հատկությունները։ Այս անգամ նա օրինակ բերեց արտասահմանը։ Այնտեղ մարդուն սիրում են, հարգում են, իսկ մեզանում միմյանց պատիվը ոտքի տակ են ձգում, հանգստությունը խլում են, աշխատում են անունը ցեխի հետ հավասարել։ Թող Ռոստամյանը Մինաս Կիրիլլիչի մոտ չպարծենա յուր փորձառությամբ։ Նա շատ և շատ երիտասարդ է, դեռ չի ճաշակել կյանքի դառնությունները։

—Իսկ ես շատ բաներ եմ տեսել, շատ եմ չարչարվել և այժմ ես չարչարվում եմ հայերի բամբասանքից,- կրկնեց մի քանի անգամ վրդովված ծերունին, կարծես, մոռանալով՛յուր շրջապատողներին։