գնամ»։ Շորերը հագին այնքան նստեց, հետս խոսեց, խոսեց, ուշացավ ու հետո ասաց. «Հիմա էլ ուշացա, ամոթ է, որ այսպես ուշ գնամ»։ Չգնաց, ի՞նչ եք ասում, չգնաց: Այս տեսակ մարդ տեսե՞լ եք աշխարհում, Մինաս Կիրիլլիչ: Հիմա պատմեմ, թե ուրիշ տեղեր տարեկան քանի անգամ է գնում... մեկ կամ երկու անգամ թատրոն, մի երկու անգամ էլ կլուբ, հետո մեծ պասը էլի սկսվում է... Այ, ինչ տեսակ մարդ է մեր պարոն Ռոստամյանը,— ավելացրեց այրին, բարեկամաբար ծիծաղելով յուր երիտասարդ կենողի երեսին։
Ռոստամյանը ներողամտաբար ժպտում էր նրա կատակների դեմ, թույլ տալով ասել ինչ որ ուզում է:
Արդեն բավական ուշ էր։ Վարվառեն հորը գլխով նշան արավ, թե ժամանակ է գնալու։ Ծերունին, որի թախծությունն արդեն անցել էր, դեռ տրամադրված էր երկար վայելելու Նատալիա Պետրովնայի զվարթ հյուրասիրությունը։ Ըստ երևույթին, նա զվարճություն էր զգում այս փոքրիկ շրջանում։ Այնինչ` Վարվառեն պնդեց, թե ժամանակ է գնալու և ինքը վեր կացավ տեղից։ Այրին ցավ հայտնելով, որ թանկագին հյուրերն այդպես շտապում են, ճանապարհ դրեց մինչև պատշգամբ և հրավիրեց, որ ամեն երեկո շնորհ բերեն։
— Հըմ, ո՞նց եք,— դարձավ նա Ռոստամյանին, հյուրերը գնալուց հետո։— Հավանեցի՞ք Վարվառա Մինաևնային։
— Ոչ միայն հավանել է, երդվում եմ, որ մինչև անգամ սիրահարվել է,— խոսեց Կատոն ծաղրական եղանակով։ — Ախ երիտասարդներ, երիտասարդներ,— ավելացրեց նա, գլուխն աջ ու ձախ շարժելով,— միթե կարելի՞ է այդպես շուտ հափշտակվել։
— Ո՞վ ասաց ձեզ, թե հափշտակվեցի,— գոչեց Ռոստամյանը սրտամտությամբ:
— Լա՛վ, լավ, իզուր մի' թաքցնեք։ Ամբողջ ժամանակ ես աչք չէի հեռացնում ձեզանից։ ճշմարիտն ասած, մամա, ես չհավանեցի քո այդ գոված աղջկան։ Ի՚նչ է, կարծես թմրած լինի, կենդանության նշան չկա մեջը, մեկ էլ, որ շատ գոռոզն է երևում։ Ես ատելով ատում եմ ինքնահավան գոռոզներին։