Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ, Վարվառա Մինաևնա՞ն է գոռոզ,— գոչեց այրին զայրացած,— երեսիդ խաչակնքի'ր, Կատյուշա, նրա պես հասարակ, խոնարհ և սիրուն աղջիկ մեր Թիֆլիսում շաա քիչ կա, չկա էլ իսկի…,

—Թիֆլիսում չկա՞, հա' հա' հա',— ծիծաղեց Կատոն ակամա,— Թիֆլիսում չկա՞։ Այ հազվագյուտ թռչուն։ Այդ դու և Ստեփան Գրիգորիչն եք հիացել, տեսնենք մի ուրիշ տղամարդ էլ կհիանա՞ նրանով: Ափսոս, որ չեմ լսել, թե ինչպես է երգում։ Այնքան գովեցիք, մամա, որ հնգուհավի պես փքվեց։

— Աստուծով, կլսես և ինձանից ավելի կհավանես, Կատյուշկա։

— Չեմ ուզում. իմ ականջներն երկաթից չեն, որ ամեն մի կռոյի ձայնը լսեմ։

— Կռո՜,— կրկնեց Ռոստամյանը անգիտակցաբար։

— Այո, հենց կռո. ովքե՜ր են, մամա, ի՜նչ մարդիկ են, իմանո՞ւմ ես, որ այդ գավառականներին այդքան գովում ու երկինք ես բարձրացնում։

Ռոստամյանը, տեսնելով, որ գոռոզ Կատոն տրամադրված է ավելի հեռու գնալու յուր վատաբանության մեջ, շտապեց ազատվել նրանից։ Վիրավորական էր նրա համար լսել այդ նախանձամիտ կնոջ անարդար պախարակելն այն էակին, որը նրա վրա թողել էր շատ խոր տպավորություն։

— Մամա, ինձ դո՞ւ պիտի ուղեկցես մինչև տուն,— ասաց Կատոն, մի կողմնակի հայացք ձգելով Ռոստամյանի վրա, երբ վերջինը մոտեցավ, որ ձեռ տա նրան։

— Մնացիր այստեղ, խոմ Լազար Մարկիչն այս երեկո չի գալու Բաթումից։ Թե չէ, ուզում ես, որ անպատճառ գնաս, ես ու Պետրեն կգանք քեզ հետ կառքով։

Ռոստամյանն, իբր չհասկանալով Կատոյի ակնարկությունը, դուրս գնաց։

— Իսկ և իսկ կինտո է կենողդ, մամա,— գոչեց Կատոն, սաստիկ վիրավորված։— Ինչ անքաղաքավարություն, ինժեներ է… fi donc… Ես երբեք չէի համաձայնվիլ նրա հետ գնալու, բայց նա տղամարդ է, պարտավոր էր առաջարկել ինձ յուր ուղեկցությանը։