Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ հայր ու աղջիկ հետ դարձան, Ռոստամյանն երես առ երես հանդիպեց նրանց, գդակը վերցրեց, մոտեցավ, բարևեց, միացավ և սկսեց զբոսնել նրանց հետ։ Ծերունին ուրախ տրամադրության ներքո էր, աղջիկը նույնպես։ Նրանք գովեցին Թիֆլիսի կլման, կապույտ երկինքը, պարզ օդը։ Մոտ կես ժամ միասին զբոսնելուց հետո, նրանք վերադարձան տուն։ Օրն արդեն մթնում էր։ Ծերունին հրավիրեց Ռոստամյանին յուր մոտ թեյի, Վարվառեն կրկնեց հրավերը, և Ռոստամյանն առաջին անգամ վստահացավ գնալ նրանց մոտ։

Կանթեղները վառած, պատրաստ էին, սեղանի վրա եռում էր մաքուր, ոսկեփայլ հեշտաեռը։ Վարվառեն սովորաբար ինքն էր թեյ ածում, ուստի, վերարկուն և ձեռնոցները հանելով, նա անմիջապես սկսեց մաքուր բաժակները միանգամ ևս լվանալ և մաքրել։ Մինաս Կիրիլլիչն, ըստ երևույթին, մոռացել էր Ռոստամյանի ընդդիմադրությունն յուր հայացքներին։ Նա դարձյալ սկսեց քննադատել Թիֆլիսի բնակչությունը, որին անարժան էր համարում երկրի բնությանն ու գեղեցիկ դիրքին։ Սակայն Ռոստամյանն այս անգամ, անպայման համաձայնվելով ծերունու հետ, վիճաբանության առիթ չտվեց։ Այս լուսավոր սենյակում, պատկառելի ծերունու և երիտասարդ կնոջ այս փոքրիկ շրջանում նա զգում էր մի ծայրագույն երջանկություն, որ երբեք, երբեք չէր զգացել։ Ծերունին սկսեց, վերջապես, հարց ու փորձ անել Ռոստամյանի գործերի մասին։

— Զարմանում եմ,— ասաց Մինաս Կիրիլլիչը,— որ դուք ինժեներ եք և բավականանում եք այդ համեստ նստակյաց պաշտոնով։ Այժմ ինժեներները երկաթուղիների վրա տասնյակ հազարներ են վաստակում։

— Ես ինժեներ չեմ, Մինաս Կիրիլլիչ,— պատասխանեց Ռոստամյանը, ժպտալով,— Նատալիա Պետրովնան է իմ անունը այդպես կնքել։

— Հապա ի՞նչ է ձեր մասնագիտությունը։

— Իմ մասնագիտությունը — երկրագործություն է։

— Աա՜, — արտասանեց Մինաս Կիրիլլիչը մի փոքր