Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիասթափված մարդու եղանակով,— ուրեմն դուք ո՞ր ուսումնարանումն եք ավարտել։

— Մոսկվայի Պետրոսյան երկրագործական ճեմարանում։

— Հասկացա. երկրագործ եք։ Բայց ի՞նչ գործ ունեք սենյակի պատերի մեջ։

— Ո՞ւր գնամ։

— Գյուղը,— պատասխանեց ծերունին վճռողաբար։

— Կցանկանայի գնալ, բայց դրա համար հարկավոր է երեք բաներից մեկը։

— Օրինա՞կ։

— Կամ դրամագլուխ, կամ սեփական կալվածք, կամ մեր հարուստ կալվածատերերի հավատարմությունը։

— Եվ ոչ մեկը դրանցից չունի՞ք։

— Չունիմ, ինչպես և ինձ նման շատերը չունին։

Մինաս Կիրիլլիչը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ծանր եղանակով ասաց.

— Չէի՞ ասում ձեզ, պարոն Ռոստամյան, որ մենք դեռ տգետ ենք։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ կլիներ, որ մեր հարուստ կալվածատերերից մեկը ձեզ ընկերացներ իրան հետ և յուր կալվածքը տար, որ դուք եվրոպական ձևով մշակեիք։ Ո՛չ, եղբայր, մեզ համար վաշխառությունն ավելի հեշտ է, քան թե երկրագործությունը։ Ջհուդ ենք մենք...

Հետո ծերուհին հարցրեց, թե, արդյոք, Ռոստամյանի ներկա աշխատությունը, փոքր ի շատե համապատասխանում է յուր մասնագիտությանը։ Ռոստամյանը պատասխանեց, թե նրա գրավոր աշխատությունը, ճշմարիտ է վերաբերվում է յուր մասնագիտությանը, բայց միայն տեսականի կողմից, թե նրան կառավարությունից հանձնված է կազմել և ընդարձակել երկրի մասին զանազան տնտեսական տեղեկություններ և այլն, և այլն։

Խոսակցությունն անցավ այլ առարկաների վրա, և Ռոստամյանը մնաց յուր հարևանների մոտ մինչև երեկոյան տասը ժամը։ Դուրս գնալիս, Մինաս Կիրիլլիչը բարեկամաբար հայտնեց նրան, թե յուր դռները միշտ բաց են նրա համար և խնդրեց, որ շուտ-շուտ շնորհ բերի։