Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նատալիա Պետրովնան խոսում էր մերթ հայերեն, մերթ ռուսերեն և երբեմն, նեղ տեղն ընկած ժամանակ, դիմում էր վրացերենին։ Իսկ այնտեղ, ուր խոսք չէր գտնում, միտքը հասկացնում էր յուր հսկայատիպ մարմնի պես-պես շարժումներով։ Ինչևէ, նրա պատմության էական իմաստն այսպես հասկացավ Ռոստամյանը։

Մինաս Կիրիլլիչն և Վարվառա Մինաևնան բուն մոզդոկցիներ են, թեև բնակվել են մեծ մասամբ Մոսկվայում։ Վարվառա Մինաևնան յուր հոր միակ աղջիկն է։ Նա ունեցել է երկու եղբայր և երեք քույր, որոնք մեռել են մանկության հասակում։ Իսկ մայրը մեռել է Վարվառեի ծննդյան վրա։ Զրկվելով յուր հինգ զավակներից և ամուսնուց, Մինաս Կիրիլլիչն յուր սերը տվել է Վարվառեին։ Աստված խնայել է Վարվառեին։ Օօ՜օ, խեղճ մարդն ինչե՜ր է արել յուր միակ աղջկա համար, ինչ նեղություննե՜ր է քաշել, ինչ փողե՜ր է ծախսել, մինչև նրա մեծանալը։ «Բայց վերջն ի՜նչպես դժբախտացրել է նրան էլ, իրան էլ»…

Այստեղ բարեմիտ այրին, հուզվելով, մի քանի վայրկյան ընդհատեց յուր պատմությունը։ Ռոստամյանը գրեթե շունչը զսպած, անհամբերությամբ լսում էր, սպասելով այրիի պատմության շարունակության։ Խե՜ղճ երիտասարդ, նույն ժամին նա մոռացել էր ամեն ինչ, հոգով ու մտքով կենտրոնացել էր մի կետի վրա — ո՞վ է արժանացել Վարվառեի կենակցությանը և ինչ է պատճառը, որ թունավորվել է նրա կյանքը։ Բայց բարեմիտ այրին, չնայելով ունկնդրի անհամբերությանը և յուր ոգևորությանը, չէր շտապում պատմությունը համառոտելու։

Վարվառեն մեծանում է, հայրը նրան յուր հետ տանում է Մոսկվա, տնային ուսուցիչներ է վարձում — ֆրանսերենի, հայերենի, ռուսերենի, երաժշտության, երգեցողության, ամեն մի բանի համար ջոկ-ջոկ։ Վերջապես, Վարվառեն քսան տարեկան է դառնում, բայց սիրտը դեռ անմեղ, ուրիշ բանի մասին չի մտածում։

— Այնքան հորս սիրում էի, ասում է, որ կարծում էի, թե առանց նրան մեկ օր էլ չեմ կարող ապրել։

Բայց Մինաս Կիրիլլիչը վճռում է նրան ամուսնացնել։