Վարվառեն ձեզ հասներ։ Ես շատ սիրեցի նրան և ուզում էի, որ նա անպատճառ իմ Գաբոյի հարսնացուն դառնա։ Հիմա, դուք աստծու բանին մտիկ արեք, որ ոչ ձերը կարող է լինել և ոչ իմ Գաբոյինը… փառք քեզ, տեր աստված…
— Բայց ձեզ ո՞վ ասաց, որ Վարվառա Մինաևնան մարդ ունի,— հարցրեց Ռոստամյանը, հազիվ կարողանալով զսպել յուր բուռն հուզմունքը։
— Համբերեցե՛ք ու ես մեկ-մեկ կպատմեմ։ Մի օր, որդի, սիրտս տխրեց, ասացի գնամ նրանց մոտ։ Գնացի. Մինաս Կիրիլլիչը տանը չէ․ Վարվառա Մինաևնան տխուր նստած էր միայնակ։ Սկսեցինք խոսել դեսից դենից։ Մեկ էլ տեսնեմ, դու ես իմ պարոն Ստեփան Գրիգորիչ, այդ մեր Վարվառա Մինաևնան դարձավ ինձ ու ասաց․— «Նատալիա Պետրովնա ես մի խնդիր ունիմ ձեզ»։ Ասացի, «հրամայի՛ր, որդի»։«— Դուք ինձ, ասաց, այսուհետև բարիշնա չանվանեք, այսինքն ազապ աղջիկ չկարծեք»։-— «Ինչո՞ւ, որդի, հարցնում եմ ես»։— «Նրա համար, որ ես պսակված կնիկ եմ», ասում է։ Ես տեղն ու տեղը զարմացա, լեզուս կապվեց։— «Կենդանի՞ է ձեր մարդը», հարցնում եմ։ «Ուրիշների համար կենդանի է, ինձ համար մեռած», ասում է։ Հետո, Ստեփան Գրիգորիչ, նա սկսեց մեկ-մեկ պատմել յուր մարդու մասին։ Զարմանո՞ւմ եք, որդի․ հապա՛, ո՞վ կմտածեր, որ այդ ջահել աղջիկը պսակված է ու անբախտացած։
«Ահա, ուրեմն, ինչումն է թաքնված նրա տրտմության գաղտնիքը», կայծակի արագությամբ անցավ Ռոստամյանի մտքով։ Այլևս նա չէր հոգում, թե յուր հետաքրքրությամբ և դեմքի արտահայտությամբ ակամա արտահայտում է այրիին այն, ինչ որ դեռ միմիայն յուր հոգու ու սրտի գաղտնիքն էր։
— Բայց ո՞վ է Վարվառեի մարդը, ո՞րտեղ է, ինչո՞ւ են բաժանվել նրանք,— հարցրեց Ռոստամյանը անհամբերությամբ միմյանց հետևից։
— Ականջ դիր, մեկ-մեկ կպատմեմ,— պատասխանեց Նատալիա Պետրովնան։
Եվ սկսեց մանրամասն պատմել բոլորն, ինչ որ լսել էր Վարվառեից։