Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Հիմա գանք Մինաս Կիրիլլիչի խղճմտանքին ,-շարունակեց Նատալիա Պետրովնան, մի անգամ ևս հառաչելով: - Բայց ինչ պատահեց ձեզ, Ստեփան Գրիգորիչ, դուք ինձ չե՞ք լսում։

Արդարև, Ռոստամյանն այլևս չէր լսում այրիի խոսքերը։ Գունաթափ, դողդոջուն շրթունքներով, ատամները սեղմած, նա յուր հայացքը հառել էր սենյակի դեպի մութ անկյունը։

— Ես… ո՛չինչ… լսում եմ…— արտասանեց նա սթափվելով։

—Ո՛չ, դուք ականջ չեք դնում, ներողություն, ես ձեր գլուխը ցավացրի։

—Ծխախոտի ծուխը գլուխս պտտեցրեց, ի՞նչ էիք ասում, շարունակեցե՛ք, խնդրեմ։ Բայց ոչ, ուշ է, Նատալիա Պետրովնա, ներեցե՛ք։ Բարի գիշեր…

Թողնելով այրիին զարմացած և խոսքը կիսատ, Ռոստամյանն արագությամբ դուրս վազեց։ Նա անհապաղ անցավ յուր ննջարանն և, դռները չփակած, հագուստը հագին,երեսնիվայր պառկեց անկողնի վրա։

Այսպես ուրեմն, Վարվառեն օրիորդ չէ։ Նրա բախտն արդեն խորտակված է ճակատագրի անողոք հարվածով։ Ահա ինչն է պատճառը նրա անբաժան տխրության, այն մռայլ ստվերի, որ սքողել է նրա մատաղ դեմքը։ Այդ -անհաջող կյանքի դառն արտահայտությունն է, այդ - վշտալի վիճակի սև դրոշմն է։ Արդյոք կարելի՞ է այստեղ մեղադրել ճակատագիրը կամ նախախնամությունը, արդյոք, անիմաստ բառեր չե՞ն սրանք։ Վարվառեն զոհ է դարձյալ եսամոլ հոր քմահաճոթյան, ուրիշ ոչինչ։ Անսիրտ ծնողն յուր հայրական սերն աղջկան վաճառել է նրա բախտի արժեքով։ Նա ի չարն է գործ դրել որդիական սերը, հարգանքն և անձնուրացությունը: Դուստրն յուր անմեղ սիրտը զոհել է բռնակալ հոր ինքնասիրությանը, և սա ընդունել է մի այդպիսի ծանր զոհաբերություն։ Մի ծերունու քիմքը գոհացնելու համար, ջարդ ու փշուր է եղել մի ծաղիկ կյանք։ Համեստությունն ու գեղեցկությունը հանձնվել են ժամանակակից անարգանքի իշխանության։ Աղավնին ընկել է ագռավի գիրկը, որ նեխված լեշով