Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա՜յր…

— Լռի՛ր, հանդուգն։

Այլևս համառ դուստրը չկարողացավ զսպել իրան:

Նա վեր թռավ աթոռի վրայից, մոլոր քայլերով մոտեցավ և երեսնիվայր ընկավ գահավորակի վրա։ Նա սկսեց սաստիկ արտասվել։ Նրա գեղակազմ թիկունքն ուժգին հեկեկանքից բարձրանում ու ցածրանում էին։ Եվ այդ րոպեին նրա ճնշված կրծքից հատ-հատ դուրս էին բխում հետևյալ խոսքերը.

— Ես ձեզ ձանձրացրել եմ, գիտեմ։ Բայց ժամանակ տվեք… ես մի պաշտոն կգտնեմ… Վարժուհի կդառնամ… կար անել կսովորեմ… իմ ձեռքի աշխատանքով կապրեմ։ Միայն, ի սեր աստուծո, մի՛ ստիպեք ինձ նրա հետ ապրել… ես սարսափում եմ… ես չեմ կարողանում սառնարյուն մտաբերել նրա հետ անցկացրած օրերս… Ոչ… անկարելի է… իմ ուժից վեր է… ես չեմ կարող հաշտվել:

Մինաս Կիրիլլիչը, մի տեղ արձանացած, լսում էր վշտացած սրտից հնչող այս դառն խոսքերը։ Նա գիտեր, որ այդ լոկ խոսքեր չեն, որ յուր դուստրն ընդունակ է գործելու այն, ինչ որ ասում է։

Երբ Վարվառեի ձայնը խեղդվեց հետզհետե զորանող հեկեկանքից, հանկարծ ծերունին ձեռով օդի մեջ մի հուսահատական շարժում գործեց։ Մի վայրկյանում բարկության արտահայտությունը ջնջվեց նրա շեմքից։ Ծնողական խորին սերը պատերազմում էր հասարակական պատվասիրության հետ։ Եվ առաջինը հաղթեց։ Հայրն արագ քայլերով մոտեցավ հեկեկող աղջկան և գրկեց։

— Վարիա, Վարինկա, այդպես մի՛ անիլ, դու երեխա չես, որ լալիս ես... Բավական է. գիտես որ քո արտասուքը տեսնելու սիրտ չունիմ… քո լացն արտասվել է տալիս և խեղճ մորդ յուր գերեզմանի մեջ։ Վե՛ր կաց, Վարինկա, ների՛ր. լա՜վ, տեսնո՞ւմ ես, որ ես այլևս չեմ խոսում։ Ե՞ս, ե՞ս, քեզանից ձանձրանամ…— Հավիտյան։ Ո՜վ է մնացել ինձ համար այս աշխարհի երեսին, որ քեզանից էլ զրկվեմ…

Նա երկու ձեռներով զգուշությամբ բարձրացրեց դստեր