Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պապա, — արտասանեց Վարվառեն աղերսալի ձայնով։

Մինաս Կիրիլլիչը մի աթոռ վերցրեց, նստեց Վարվառեի մոտ և նայեց նրա երեսին լուռ։

— Վարիա, ների՛ր,— ասաց նա, ձայնը ցածրացնելով,— դու մայր չունես, ես քեզ համար և՛ հայր եմ, և՛ մայր, ուրեմն թող պարզ խոսեմ հետդ։ Առանց ամուսնու, Վարիա, մարդու կյանքը… կյանք չէ». հասկանո՞ւմ ես։ Տղամարդի և կնոջ համար աստված օրենքներ է դրել… հասկանո՞ւմ ես։ Վարիա, դու երիտասարդ ես, քսանուվեց տարիդ նոր է լրացել։

Վարվառեն, երեսը ձեռներով ծածկեց և հազիվ լսելի ձայնով շշնջաց.

— Բավական է, պապա, մի խոսեք այդ մասին… ես… թույլ արարած չեմ…

Մինաս Կիրիլլիչը դարձյալ ոտքի կանգնեց։

— Վարիա, խնդրում եմ, տեսնո՞ւմ ես, նրա անունով եմ խնդրում։

Այս ասելով, նա ձեռը մեկնեց դեպի սենյակի պատն, ուր քաշ արած էր նրա հանգուցյալ ամուսնի մեծադիր լուսանկարը։

Վարվառեն կրկին երեսը ծածկեց, որ թաքցնի աչքերի մեջ փայլող արտասուքն, և ոչինչ չասաց։ Այնինչ Մինաս Կիրիլլիչը, տեսնելով, որ թանկագին մոր հիշատակն անգամ չի ազդում դստեր վրա, հուսահատվեց։

— Վարվառա Մինաևնա,— գոչեց նա սրտմտությամբ,— վերջապես, ես հայր եմ, դուք որդի, պարտավո՞ր եք հարգել իմ աղաչանքը, թե՞ չէ։

Այսպես հոգնակի դեմքով սովորաբար ծերունին յուր դստեր հետ խոսում էր այն ժամանակ, երբ արդեն բարկացած էր լինում։

— Պապա, սպանեցեք ինձ, բայց մի՛ ստիպեք նրա երեսը տեսնել,— ասաց Վարվառեն, հուսահատությամբ ձեռներն ուժգին սեղմելով իրարու։

— Ապերա՛խտ աղջիկ, դուք ինձ անպատվում եք,— գոռաց ծերունին բարձրաձայն, ոտներն ուժգին զարկելով հատակին։