Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապա դառնալով խանութում կանգնած երկու կարմրադեմ պարոններին, ավելացրեց.— չասացի՞ որ դա այն Քիրիշչիևն է։

Ավելորդ հարցերից ազատվելու համար, Ռոստամյանը շտապեց դուրս գալ խանութից։ «Անշուշտ հայր ու աղջիկ խոսակցության առարկա են դարձել բամբասասեր Թիֆլիսում», ասաց նա յուր մտքում, հասնելով Մինաս Կիրիլլիչին, որ հանդարտ քայլերով դիմում էր առաջ։

Հետևյալ օրն երեկոյան Ռոստամյանը, մի թեթև զբոսանք կատարելուց հետո, մտավ հասարակական ժողովարան, ուր պիտի կայանար նվագահանդեսը։ Հասարակությունն արդեն հավաքվել էր, իսկ Մինաս Կիրիլլիչին և Վարվառեն բազմաթիվ հանդիսականների մեջ դեռ չէին երևում։ Նվագահանդեսը սկսվեց, դուրս եկավ մի գեր օրիորդ, ինչ որ սկսեց նվագել երկար ժամանակ։ Դահլիճը լիքն էր, շատերը կանգնած էին ոտքի վրա և, որը թմրած դեմքով, որը կեղծ ուշադրությամբ, որը ձանձրությամբ — լսում էին նվագածությունը։ Իսկ Ռոստամյանը ոչ նայում էր դեպի բեմ և ոչ լսում էր։ Նա անդադար մտիկ էր անում աջ ու ձախ, դռների կողմը։

Վերջապես առաջին ձախակողմյան դռներից ներս մտավ Վարվառեն, ապա հայրը։ Անցքերի մոտ հավաքված հանդիսականների միջից նրանք աշխատում էին դուրս գալ և հասնել բազկաթոռների առաջին կարգին։ Շատերն իրանց հայացքը դարձրին դեպի Վարվառեի կողմը և, երբ նա անցավ առաջ, առաջին կարգերի կանայք ու օրիորդները աջ ու ձախ կողմից դիտակներն ուղղեցին նրա վրա։

Ինչ խաղացին և ո՛վ խաղաց — Ռոստամյանը չիմացավ։ Նա անհամբեր սպասում էր խաղամիջոցին, աչքերը դարձրած դեպի առաջին կարգն, ուր նստած էին հայր ու աղջիկ։ Դժբախտաբար գլուխների բազմության միջից նա չէր տեսնում ո՛չ աղջկան և ո՛չ հորը։

Նվագահանդիսի առաջին բաժինն ավարտվեց, հանդիսականներն անցան մյուս դահլիճները։ Նախագավիթի մեջ Ռոստտմյանը պատահեց Քիրիշչիևներին։

Մինաս Կիրիլլիչը հետաքրքիր աչքերով դիտում էր հասարակությունը։ Վարվառեն կանգնած էր նրա մոտ։ Ռոստամյանը մոտեցավ, բարևեց և սկսեց խուռն բազմության